Սեւանի ձկները որդնել են. Հայացք
Ըստ “Հայացք” օրաթերթի, Սեւանի բնակիչներից որոնք շուկայից կարաս ձկնատեսակ էին գնել եւ մաքրելիս ձկան մեջ ժապավենաձեւ որդեր հայտնաբերել: Ըստ բնակիչների` Սեւանի ձուկը վարակված է եւ հիվանդ: Թերթի թղթակիցը փորձել է անձամբ ձկնաբաններից ճշտել, թե ինչ վարակվածության մասին է խոսքը:
Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, ձկնաբանության բաժնի վարիչ Բ. Գաբրիելյանը թերթի հետ զրույցում նշեց, որ այդ երեւույթը միշտ էլ եղել է, դա նորություն չէ:
Ամեն տարի, երբ մոտենում է ամռան սեզոնը, ձկների մեջ նման վարակ է տարածվում: Դրանք սպիտակ որդեր են, որոնք նույնիսկ կարող են հանգեցնել կարասի մանրաձկների մահացության:
“Ամեն տարի բնապահպանության նախարարությանը ներկայացրած մեր հաշվետվության մեջ նշվում է այդ մասին: Դա գաղտնիք չէ: Մենք այդ որդերը շատ վաղուց ենք հայտնաբերել: Դրանք տարածվում են ճայերի միջոցով, եւ վերացնելն անհնար է: Այդ վարակվածությունը բնական պրոցես է, կրում է սեզոնային բնույթ: Հիմնականում վարակվում են կարասի մանրաձկները, որ գտնվում են մասնավորապես ափամերձ տաք հատվածներում, որտեղ այդ սպիտակ որդերն ավելի շատ են տարածված”,- ասաց Բ. Գաբրիելյանը: