Լցոնումների մասին ահազանգը կեղծ է եղել. ԿԸՀ նախագահ
Լրագրողների խնդրանքով ԿԸՀ նախագահն անդրադարձավ ԸԸՀ որոշ անդամների` տեղամասեր չներկայանալուն: Նշված անդամների կուսակցական պատկանելությունը Մուկուչյանը չցանկացավ հրապարակել: ‘’Մենք դա կհրապարակենք քվեարկության ավարտից հետո, քանի որ հիմա որեւէ կուսակցության անուն հնչեցնելը ես համարում եմ որոշակի վերաբերմունք այդ կուսակցություններին’’,- նշեց ԿԸՀ նախագահը: Նրա խոսքով` կոնկրետ անձնական պատճառներ չեն բերվում. կան քաղաքացիներ, ովքեր մայիսի 5-ին եւս չեն ներկայացել հանձնաժողովներ` առաջին նիստերին:
ԿԸՀ-ն ստացել է առանձին տեղամասերին պատկանող մասնակի խնդիրների վերաբերող ահազանգեր, դրանցում չկա ընտրակաշառքներին վերաբերող որեւէ տեղեկատվություն: Մամուլում հրապարակվող տեղեկություններին ԿԸՀ-ն հետեւում է եւ անհրաժեշտության դեպքում ստուգումներ իրականացնում:
Ստացվել է ահազանգ Գեղարքունիքի մարզի ընտրատարածքներից մեկում տեսանկարահանումը քվեախցիկի հետեւի հատվածից իրականացնելու փորձի մասին. այդ կերպ երեւում է տրված քվեն: Նշված անձը հրավիրվել է ոստիկանություն, արձանագրություն է կազմվել: Մանրամասները դեռ ճշտվում են: Կա տեղեկատվություն, որ նման դեպք չի եղել: Դեպքի բարձրաձայնումը եղել է պատրվակ` նշված անձին տեղամասից դուրս հրավիրելու: Այս դեպքում մեղավորները կպատժվեն:
4-5 տեղամասերից ստացվել են լցոնումների մասին ահազանգեր: Տեղամասի հետ կապը հաստատվել է, ԸԸՀ նախագահը նշել է, որ ինքը եւս ստացել է նման ահազանգ: Պարզվել է, որ տեղեկատվությունը կեղծ է: