Այս ընտրություններին դիտորդների մասնակցությունը աննախադեպ մեծ է
Ժողովրդավարական երկրներում ընտրություններին ակտիվորեն մասնակցում է նաեւ քաղաքացիական հասարակությունը, այդ առումով կարեւորվում են դիտորդական առաքելությունները : 2012թ մայիսի 6-ին ԱԺ ընտրությունների համար գրանցվել է դիտորդների աննախադեպ բարձր մասնակցություն:
Այդ մասին ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԸՀ արտաքին հարաբերությունների վարչության պետ Լիանա Սիմոնյանը:
Նրա խոսքով` դիտորդին ոչ ոք, անգամ հանձնաժողովի նախագահը իրավունք չունի դուրս հրավիրել քվեարկության սենյակից, կամ մեկուսացնել հանձնաժողովի աշխատանքներից:
‘’Իհարկե դա չի նշանակում, որ դիտորդները պետք է միջամտեն կամ խոչընդոտեն հանձնաժողովի աշխատանքներին’’,- ասաց Լիանա Սիմոնյանը:
Նա նշեց, որ ԿԸՀ-ում հավատարմագրվել են 54 տեղական հասարակական կազմակերպություն,մոտ 32 000 դիտորդ, որից 16 հազարը տղամարդիկ են, 15 հազարը` կին: Ըստ Լիանա Սիմոնյանի, դա աննախադեպ բարձր մասնակցություն է: Հավատարմագրվել են 674 միջազգային դիտորդներ` տարբեր միջազգային կազմակերպություններից եւ դիվանագիտական ներկայացուցչությունների կազմից: