Պետք է նոր գործիք սարքել, ՀԱԿ-ն այլեւս այդ գործիքը չէ. Տիգրան Խզմալյան
“Ձեռնպահ կմնամ միջամտել ՀԱԿ-ի գործերին, որովհետեւ ՀԱԿ-ը երկար ժամանակ ինքն էր իրեն առանձնացնում ընդհանուր դիմադրության շարժումներից եւ փորձում էր մենաշնորհել ընդդիմությունը` տանելով այն ուղղությամբ, որը կանխորոշված էր մեկ մարդու կամքով, բնավորությամբ ու քաղաքական ճաշակով:
Ոչ մի տան տնտեսուհի բոլոր վերարկուները մի մեխից չի կախում: Ինչո ՞ւ ենք մենք հետեողականորեն փորձում մեր երկրի ճակատագիրը կախել մեկ մեխից”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Սարդարապատ” նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր եւ հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանը` անդրադառնալով ՀԱԿ-ում տեղի ունեցող խմորումներին:
Հիշեցնենք, որ ՀԱԿ -ի առանցքային կուսակցություններից մեկի` “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեկ հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին եւ չբացառեց Կոնգրեսից դուրս գալու հնարավորությունը:
Խզմալյանը զուգահեռներ անցկացնելով 88-ի շարժման հետ շեշտեց, որ շարժումն ուժեղ էր այնքան ժամանակ, որքան որոշումներն ընդունվում էին խմբակային ձեւով. ”Հետո սկսվեց այն, ինչ սկսվեց. Հայոց Համազգային շարժումը դարձավ ՀՀՇ, հետո` ՀՀՇԿ` կուսակցություն, եւ մոտավորապես նույնը տեղի ունեցավ ՀԱԿ-ի հետ”:
Տիգրան Խզմալյանն ասաց, որ Հայ ազգային կոնգրեսը պետք է կատարեր այնպիսի դեր, ինչպիսին ունեցավ Հնդկաստանի ազգային կոնգրեսը, բայց կինոռեժիսորի համոզմամբ, ՀԱԿ-այդ դերակատարությունը չկատարեց:
“ՀԱԿ-ն սկսեց “երկխոսոություն”, հետո սիրաշահեց այս կամ այն օլիգարխին, մտավ գործարքի մեջ իշխանության այս կամ այն մասի հետ եւ այն տրամաբանական ավարտը, որի վկան ենք մենք այսօր, կանխատեսելի էր դեռ 1-1.5 տարի առաջ”,-Henaran.am-ին ասաց Տիգրան Խզմալյանը եւ հավելեց, որ այն խնդիրը, որը դրված էր ՀԱԿ-ի առաջ, դեռեւս լուծված չէ:
Կինոռեժիսորը նկատեց, որ ՀԱԿ-ն արդեն վաղուց միասնական չէր եւ կարեւորեց ոչ թե այն հարցը, թե ի՞նչ տեղի ունեցավ, այլ` ինչո՞ւ տեղի ունեցավ ու նշեց, որ գաղափարական մենաշնորհը շատ վտանգավոր է:
“ՀԱԿ-ը, որը պետք է երկրի ազատագրման գործիք դառնար, այլեւս այդ գործիքը չի հանդիսանում եւ պետք է սարքել նոր գործիք”,-եզրափակեց Տիգրան Խզմալյանը: