24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հանքի պատճառով տեղափոխո՞ւմ են եկեղեցին. Հայացք

Ըստ “Հայացք” օրաթերթի, Հայաստանում ոչնչացման եզրին է հերթական պատմամշակութային հուշարձանը` Սյունիքի մարզի Ամենափրկիչ եկեղեցին: Այն դեպքում, երբ հայերս տարիներ շարունակ պայքարում ենք Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների վերականգնման համար, մեր սեփական տարածքում ոչնչացնում ենք մեր եկեղեցիները:

17-18-րդ դարերի Ամենափրկիչ եկեղեցին, որը գտնվում է Սյունիքի մարզի Կուրիս գյուղի վարչական շրջանում, կառավարության որոշմամբ, նախատեսվում է տեղափոխել մարզի Ագարակ քաղաք:  Ըստ թերթի, իհարկե, գովելի է, որ եկեղեցի չունեցող Ագարակում կարող է վերջապես հավատի տաճար լինել, սակայն ինչո՞ւ դա պետք է իրագործվեր եկեղեցի տեղափոխելու ծրագրի միջոցով: Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքի տարածքում: Շուտով հանքի պայթեցումները հասնելու են եկեղեցու տարածք: Հենց դա էլ վթարային դարձած եկեղեցու տեղափոխման հիմնական պատճառն է: Հանքի պայթեցումների հետեւանքով եկեղեցին ամբողջությամբ վթարային է դարձել, պատերին մեծ ճաքեր են առաջացել: Սա առաջին դեպքը չէ, երբ հանուն հանքարդյունաբերության զարգացման զոհաբերում ենք մեր հիասքանչ բնությունն ու պատմամշակութային ժառանգությունը:

Այն մասին, որ եկեղեցին վատթար վիճակում է, օրերս Ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգեց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական խմբի ղեկավար Արման Նալբանդյանը: Ֆեյսբուքում տեղադրված նկարներից պարզ է դառնում, թե ինչ սարսափելի վիճակում է եկեղեցին: Տարիներ շարունակ ցուցաբերված անտարբերության պատճառով եկեղեցու տանիքին արդեն խոտ է աճել: “Այս գեղեցիկ բազիլիկատիպ կառույցը շուրջ 60 տարի դիմակայել է շահագործվող հանքավայրի ամենօրյա պայթեցումներին: Եկեղեցու ճեղքվածքը, սկսվելով արեւելյան պատի հիմքից, ձգվում է մինչեւ առաստաղ, ողջ առաստաղի երկայնքով հասնում արեւմտյան պատին եւ նորից իջնում մինչեւ հիմքերը` այդպիսով եկեղեցին մեջտեղից կիսում երկու մասի: Իսկ եկեղեցին կանգուն է իր պատերով, հզոր 4 որմնամույթերով, թաղակիր կամարներով եւ տանիքով հանդերձ”,- Ֆեյսբուք-ում գրել է հնագետը:

Թերթի թղթակցի հետ զրույցում  զրույցում Արման Նալբանդյանը տեղեկացրեց, որ ԽՍՀՄ տարիներին էլ է եկեղեցին անտեսված վիճակում եղել` ծառայելով որպես պահեստ: Այստեղ մշտապես ելումուտ են արել շրջակա գյուղերի անասունները: Այսօր էլ շոգից պատսպարվելու համար, սովորության համաձայն, կովերը մտնում են եկեղեցի:

Հնագետը պնդում է` եկեղեցին տեղափոխելը ճիշտ որոշում չէ: Եկեղեցու քարերին արձանագրություններ կան, զանազան նշաներ: Եկեղեցին տեղափոխելու դեպքում, ըստ հնագետի, հնարավոր չի լինի պահպանել այս ամենը: Բացի դրանից` եկեղեցին չպետք է զուտ կառույց դիտել, այդ տեղանքն արդեն սրբացած է: “Եթե տեղափոխվի, դա չի լինի նույն եկեղեցին է, դա կլինի մի նոր եկեղեցի, ինչքան էլ նույն քարերով կառուցվի”,- ասում է հնագետը:

Ի դեպ, Կուրիսի տարածքում կան նաեւ միջնադարյան եւ բրոնզեդարյան բնակատեղիներ, դամբարանադաշտ, ամրոցի մնացորդներ: Հանքի շահագործման հետեւանքով այս ամենի գոյությունը նույնպես վտանգված է:

Այն դեպքում, երբ Հայաստանի կառավարությունը խոսում է սահմանամերձ գյուղերի զարգացման եւ բնակչության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու մասին, սահմանամերձ Կուրիս գյուղը հանքի շահագործման պատճառով դատարկման եզրին է, ոչնչանում է պատմամշակութային ժառանգությունը: Կուրիսում ապրող բնակչության թիվն այսօր չի հասնում 100-ի: Իսկ այս տեմպերով բնակավայրերի ու զբոսաշրջության զարգացում հնարավոր չի լինի ապահովել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ