Վիկտոր Դալլաքյանը քաղծառայող. Հայկական ժամանակ
Ըստ “Հայկական ժամանակ”-ի, բոլորովին վերջերս ՀՀԿ-ին անդամագրված Աժ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որը մայիսի 6-ին տեղի ունեցած Աժ ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով թիվ 30 ընտրատարածքում պարտություն կրեց, պաշտոն է ստանալու:
ՀՀԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրները նշում են, որ Դալլաքյանը առաջիկայում կնշանակվի ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ: Իսկ սույն ծառայության գործող նախագահ Մանվել Բադալյանը, որը նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակում 83-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է գրել եւ առաջիկայում դառնալու է ագրարային համալսարանի ռեկտոր:
Բանն այն է, որ եկող ամիս սույն բուհի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, ըստ նույն աղբյուրների, գնալու է թոշակի: Մանվել Բադալյանը ներկայումս այդ բուհի կառավարման խորհրդի նախագահն է: