20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հոմոսեքսուալիզմ. որքան խոսում ենք, այնքան ավելի են “թրփոշանում” /վիդեո/

Հոմոսեքսուալիզմը  մինչեւ 1973 թվականը հոգեկան հիվանդությունների շարքին է դասվել: 1973թ-ին  Ամերիկյան հոգեբույժների ասոցիացիան հոմոսեքսուալիզմը հանեց այդ շարքից, իսկ 90-ականներին մեկ ձայնի առավելությամբ Առողջապահության միջազգային կազմակերպությունը վերանայեց իր մոտեցումը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը  բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, “Սթրես պլյուս” կենտրոնի ղեկավար, հոգեբույժ Սամվել Սուքիասյանը ներկայացնելով այս անցումը, ասաց, որ այսուհանդերձ, հոմոսեքսուալիզմը  միանշանակ հիվանդություն է, որը հիմնված է մարդու բնազդային համակարգի շեղման վրա:

“Կներեք, եթե հոմոսեքսուալիզմը հանվեց, ինչո՞ւ չեն հանվում ներվային անորեքսիան,  ագրեսիվ խանգարումները, ինչու չի հանվում սեքսուալ դիզֆունկցիան”,-նկատեց մասնագետն ու հավելեց, թե այն ինչ հիմա կատարվում է, պարզապես խաղ է, որը կապված է գլոբալիզացիայի հետ:

“Այստեղ բժշկական մոտեցումն անտեսվում է եւ առաջ է քաշվում այն ամենը, ինչը բժշկության հետ կապ չունի` սոցիալական, իրավական պաշտպանություն, ինչը թույլ է տալիս, որ նրանց մասին խոսվի,  բայց սա միանշանակ հիվանդություն է: Տեղի է ունենում սեռական օբյեկտի ավաղաղում:

Երբ խոսքը գնում է պեդոֆիլիայի մասին, տվյալ դեպքում սեռական ձգտումների օբյեկտը մանուկն է, բոլորս դատապարտում ենք, իսկ երբ սեռական  օբյեկտը նույն սեռի անձն է, աշխարհում ասում են` չէ, իրենք ուրիշ են, եկեք թողնենք” ,-շարունակեց Սամվել Սուքիասյանը:

Բանախոսը հոմոսեքսուալիզմը բաժանեց երկու տեսակի` կեղծ եւ իսկական: Առաջինը նրա խոսքով, պայմանավորված է դաստիարակությամբ, իրավիճակով, միջավայրով: Այս դեպքում միանշանակ առկա են գանգատներ, դժգոհություններ եւ մարդուն հոգեբանական ու հոգեբուժական օգնություն է պետք: Իսկական հոմոսեքսուալիստը, Սամվել Սուքիասյանի խոսքով,  երբեք չի դժգոհում, նա դժգոհում է միայն իր անձի նկատմամբ վերաբերմունքից. “Հոմոսեքսուալիստը չի գանգատվում իր առողջությունից, նա մշտապես հաճույքի մեջ է, որ ինքն այդպիսին է”:

Սամվել Սուքիասյանը հորդորեց  չուռճացնել այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակը եւ այն ավելի չսրել: “Որքան մենք բարձրաձայնում ենք, այնքան իրենք  ավելի են թրփոշանում, թեւեր առնում: Որքան մենք իրենց անտեսենք, նման պրոբլեմ չի առաջանա: Վերջիվերջո, ուզենք, թե ոչ երեւույթն արդեն կա նաեւ Հայաստան աշխարհում”,-ասաց բանախոսն ու հավելեց. “Իրենց պետք է ընդունել որպես ուրիշներ, դրա դեմ դու պայքար չունես, թող իրենց համար սուսիկ-փուսիկ ապրեն, մենք էլ` մեր համար ապրենք”:

Ասուլիսի մյուս բանախոսը` հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը նշեց, որ հոմոսեքսուալիզմի որոշ տեսակներ, օրինակ` տրանսսեքսուալիզմը, կապված են շիզոֆրենիայի հետ: “Տրանսեքսուալիզմը` պայմանավորված սեռային ինքնագիտակցության խանգարմամբ, հիվանդություն է, ընդ որում, տրանսսեքսուալիստների մեծ մասը շիզոֆրենիայով է տառապում: Այստեղ ուղղակի զառանցանքի հետ գործ ունենք”,-ասաց նա:

Սամվել Խուդոյանը նշեց նաեւ , որ հոմոսեքսուալիզմը տարածված է այնպիսի վայրերում, որտեղ միայն նույն սեռի մարդիկ են հավաքված: Սա, ըստ մասնագետի ստիպողական հոմոսեքսուալիզմի տեսակ է եւ համապատասխան հոգեբանական աջակցության դեպքում, շեղումն անցնում է:

Կա տարիքային գործոնով պայմանավորված հոմոսեքսուալիզմ, երբ վաղ դեռահասության տարիքում դեռեւս հստակ ձեւավորված չէ սեռային տարբերակումը եւ գերսեքսուալությամբ պայմանավորված կարող է դրսեւորվել հոմոսեքսուալիզմ, որը նույնպես հետագայում անցնում է կամ ոմանց մոտ մնում որպես սովորություն:

Սամվել Խուդոյանի խոսքով, ավելի հասուն տարիքում, երբ հստակեցվում է սեռային տարբերակումը, մարդն այդ ամենը խորը ապրումներով է հիշում:

Սամվել Խուդոյանի համոզմամբ, ամենավտանգավորը պրոպագանդան է, որն այսօր տարվում է : “Արեւմուտքում նույնիսկ դպրոցներում է այդ պրոպագանդան իրականացվում: Իրականում աշխարհի կործանման մի ուղիներից մեկն էլ սա է դառնում, որովհետեւ ծնելիությունն ընկնում է , մոլորակի գերբնակեցման դեմ է պայքար գնում շատ վերեւներից:

Չինաստանում 30 միլիոնից ավելի գեյ ունեն եւ  գերբնակեցման խնդիրն այդպես են լուծում, բայց մեր հանրապետությում սա ազգային անվտանգության խնդիր է, եթե նույնիսկ 10 հազարով պակասեին”,-կարծում է հոգեբանը:

Նրա համոզմամբ, Հայաստանում հոմոսեքսուալիզմի խնդիրը այնքնան սրված չէ, որքան փորձ է արվում ներկայացնել եւ սրել դրսի ուժերի կողմից:  Սամվել Խուդոյանի խոսքով,  հանդուրժողականությունից խոսող անձինք, որոնք հանդես են գալիս ի պաշտպանություն այս երեւույթի, իրենք ավելի անհանդուրժող են եւ փորձում են հոգեբանական տարբեր հնարքներով, օրինակ ‘հոմոֆոբ” պիտակավորմամբ ազդել բոլոր նրանց վրա, ովքեր չեն հանդիսանում այս երեւույթի պաշտպանները:

“Ինձ վրա հարձակումներ սկսվեցին ամենակոպիտ ու վուլգար բառերով, երբ կայքերից մեկում մոտավորապես ասել էի այն, ինչ այստեղ ասացի: Սկսեցի վիճակագրորեն այդ մի տասնհինգ հոգուն ուսումնասիրել: Մեծ մասամբ դրսի հայեր են, արտասահմանյան կազմակերպություններից սնվող անձինք եւ, բնականաբար մեծ մասը գեյեր”:

Նշենք, որ DIY ակումբի հրկիզումից հետո, որը ըստ խոսակցությունների, համարվում է նույնասեռականների հավաքատեղի, խնդիրը հասարակական շրջանակներում լուրջ քննարկման թեմա դարձավ: Իսկ մի քանի ՀԿ-ների կազմակերպած “Բազմազանության շքերթ”-ը, որը ըստ կազմակերպիչների, անցկացվեց մշակութային բազմազանության համաշխարհային օրվա կապակցությամբ, հասարակության մի զգալի մասն ընկալեց, որպես “գեյ շքերթ” եւ սվիններով ընդունեց: Շքերթն ուղեկցվեց  մի խումբ երիտասարդների կողմից կազմակերպված “ընդդեմ” շքերթով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ