ՀՀ նախագահն ընդունել է ՍԾՏՀ գլխավոր քարտուղարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին:
Նախագահը բարձր է գնահատել պարոն Լեոնիդաս Քրիզանթոպուլոսի վեցամյա գործունեությունը ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի պաշտոնում, նշելով, որ ուրախ է մեր երկրում հյուրընկալել նրան՝ կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստի շրջանակներում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է ՍԾՏՀ-ում իր ներգրավվածությունը՝ այն համարելով տարածաշրջանային համագործակցությունը խթանող կարեւոր ձեւաչափ:
Հանրապետության ղեկավարի խոսքով, կազմակերպության հիմնական առաքելությունը՝ ապահովել Սեւծովյան տարածաշրջանի կայունությունը տնտեսական համագործակցության միջոցով եւ նպաստել բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ու ամրապնդմանը, լիովին համահունչ է Հայաստանի նպատակներին:
ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է վեհաժողովի երեւանյան նիստում քննարկված հարցերի շրջանակը, ինչպես նաեւ խոսել իր պաշտոնավարման անցած վեց տարիներին կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների մասին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ հայ-հունական հարաբերություններին, որոնց ձեւավորման եւ կայացման գործում, Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, մեծ է եղել մեր երկրում 1993-1994թթ. Հունաստանի առաջին դեսպան պարոն Լեոնիդաս Քրիզանթոպուլոսի ներդրումը:
Henaran.am -ին հաղորդում են նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից