Ծեծված աղջկան ահաբեկում են. Հայկական ժամանակ
Համացանցամ հայտնված աղջիկների ծեծի վերաբերյալ ոստիկանությունը շարունակում է քննություն իրականացնել, ինչը տեսագրություններից մեկի մեջ ծեծի ենթարկվող մի աղջկա համար խնդիրներ է հարուցել:
“Հայկական ժամանակ”-ի ունեցած տեղեկություններով, այն բանից հետո, երբ տեսանյութերը մեծ աղմուկ են բարձրացրել, եւ ոստիկանությունը սկսել է հետաքրքրվել դրանցում երեւացող երիտասարդներով ու աղջիկներով, ծեծի հեղինակ աղջիկներից մեկը զանգահարել է իր “զոհին”, սպառնալիքներ հնչեցրել եւ ասել, որ եթե նրան ոստիկանություն կանչեն, անպայման ասի, որ այդ ամենը անցյալում է, որեւէ խնդիր այլեւս չկա, բոլոր խնդիրները հարթվել են:
Ավելի ուշ նույն աղջկան է զանգահարել նաեւ գործով քննիչը եւ ասել, որ շտապ ներկայանա ոստիկանություն եւ գրի, որ ամեն ինչ անցել-գնացել է, եւ ինքը ոչ մի բողոք չունի:
Դրանից բացի, քննիչն ասել է, որ քրեական գործը գտնվում է նախագահականի վերահսկողության վարչության աչալուրջ ուշադրության կենտրոնում, հետեւաբար` գործը պետք է շատ արագ քննվի ու “ջրվի”: Եվ ահա տուժած աղջիկը գնացել է ոստիկանության բաժին եւ գրել այն ամենը, ինչ իրեն թելադրել են: Այսպիսով, հարց է ծագում, թե ինչ իմաստ ուներ քննության իրականացումը, եթե դեպքերը պետք է զարգանային նման մեթոդներով:
Ի դեպ, թերթի ունեցած տեղեկություններով, այն աղջիկը, որը տեսագրության մեջ ծեծում է “ընկերուհուն”, ոստիկանությունում բացատրություն է տվել` որպես ծեծի պատճառ նշելով. “Ինքը իմ սրբությանն ա կպե”»: Ըստ նրա, ինքն ինչ-որ զրույցի ժամանակ երդվել է “հոր արեւ”, իսկ դիմացինը ասել է` սուտ ես ասում, ինչն էլ իրեն հունից հանել է:
“Տուժած” աղջիկը այժմ սովորում է երեւանյան քոլեջներից մեկում, դպրոցից հեռացել էր միջադեպից կարճ ժամանակ անց: