Փակ շուկայի պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ոտիկանություն
Փակ շուկայի պաշտպանները հանցագործության մասին հաղորդմամբ դիմել են Ոստիկանության Կենտրոնի բաժին: “Փրկենք Փակ շուկան” ֆեյսբուքայն խմբում, որտեղ հավաքված են Երեւանի Փակ շուկայի քանդման դեմ հանդես եկող օգտատերերն ու ակտիվիստները, նախաձեռնող խմբի անդամ, “Ժառանգության” ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը գրում է.
“Այսօր փակ շուկայի ճարտարապետական կոթողի պահպանության օգտին հանդես եկած քաղաքացիների, ինչպես նաեւ տեղում նրանց միացած բնակիչների ստորագրություններով /58 ստորագրություն/ հանցագործության մասին հաղորդումը հանձնվեց Ոստիկանության “Կենտրոն” բաժանմունք: Դրանով պահանջվում է քրեական գործ հարուցել երեկվա վանդալիզմի կատարողներին, ինչպես նաեւ պատկան մարմինների հետ միջոցներ ձեռնարկել շուկայի շենքն իր նախկին տեսքի բերելու համար”:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան նույն սոցիալական ցանցում ահազանգ է հնչել, որ քանդում են “Փակ շուկայի” տանիքը: Հիշեցնենք, որ “Փակ շուկայի” սեփականատերը “Թիվ 1 շուկա” ՍՊԸ-ն տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում առանց համապատասխան թույլտվության առկայության նախաձեռնել է շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքներ, ինչից հետո շինարարությունը դադարեցվել եւ “Թիվ 1 շուկա” ՍՊԸ-ն տուգանվել էր, իսկ պատկան մարմինները հավաստիացրել էին, որ պատմամշակութային հուշարձանների ցանկում գտնվող եւ պահպանության ենթակա կառույցը չի քանդվի: