Դաշնակցական պատգամավորը անակնկալների չի սպասում. Հայկական ժամանակ
Ըստ “Հայկական ժամանակ”-ի, այս օրերին քաղաքական կուլիսներում չեն բացառում, որ խորհրդարանական մի քանի ուժեր փորձեն տապալել նոր ձեւավորվելիք կառավարության ծրագիրը: Ինչպես հայտնի է, ըստ Սահմանադրության, մայիսի 31-ին գործող կառավարությունը պետք է հրաժարական տա, որից հետո 10 օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը, խորհրդակցելով խորհրդարանական խմբակցությունների հետ, պետք է նոր վարչապետ նշանակի, 20 օրվա ընթացքում պետք է ձեւավորվի նոր կառավարություն, որն էլ իր ծրագիրը պետք է ներկայացնի նոր խորհրդարանի հաստատմանը:
Նախօրեին թերթի թղթակիցը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Սինասյանին հարցրել է` հնարավո՞ր է, որ այդ օրը անակնկալներ լինեն: “Դժվար է ասել, նախ պետք է տեսնել` ինչ կառավարություն է լինելու, ինչ ծրագիր է բերելու: Այս պահի դրությամբ ոչինչ չեմ կարող բացառել այդ հարցի շրջանակներում, քանի որ ոչ կառավարությունն ենք մենք ձեւավորողը, ոչ էլ, ըստ էության, վստահություն հայտնողը”,- ասել է Մինասյանը:
Իսկ եթե վարչապետ մնա Տիգրան Սարգսյանը, ինչպես պնդում են ՀՀԿ կուլիսներում, իսկ կառավարության կազմն էլ էական փոփոխությունների չենթարկվի, օրինակ, ՀՅԴ-ն “կողմ” կքվեարկի՞ այդ կառավարության ծրագրին` հարցրել է թերթի թղթակիցը: “Դժվար է ասել, այս պահի դրությամբ որեւէ նման բան չենք կարող ասել, մի բան պարզ է, որ եթե կառավարությունը նույն վարքագիծն է պահելու, արդեն ակնհայտ է, որ մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որ դեմ ենք նման վարքագծին եւ նման կազմին”,-պատասխանել է Արծվիկ Մինասյանը:
Իսկ հավանական համարո՞ւմ եք, որ ՀՅԴ-ն էլ, ԲՀԿ-ն էլ, Հայ ազգային Կոնգրեսն էլ հավանության չարժանացնեն այդ ծրագիրը եւ փորձեն տապալել դրա ընդունումը: “Եկեք չշտապենք, պետք է մանրամասն քննարկենք, որպեսզի կարողանանք վերջնական դիրքորոշում ձեւավորել ովքեր են կողմ լինելու, ովքեր են դեմ լինելու”,- պատասխանել է դաշնակցական պատգամավորը: