Նոր Սահմանադրության դրական կողմերից
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հասարակության կողմից ընդունվեց կոշտ քննադատությամբ: Գուցե նախնական տեքստը իդեալական չէ, և նշվում է, որ այն դեռ կարող է փոփոխություններ կրել, սակայն կան ակնհայտ դրական կետեր: Դրանցից մեկը վերաբերում է Հայ եկեղեցու դերին: Փոփոխած սահմանադրության մեջ նշվում է, որ ՀՀ-ն ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակութային զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Նոր կրոնական կազմակերպությունների ի հայտ գալուն ու զարգանալուն զուգընթաց տպավորություն է ստեղծվում, թե Հայ առաքելական եկեղեցու դիրքերը թուլանում են: Մեկ այլ անձի դավանանքի ազատության իրավունքը հարգելը կամ, այսպես կոչված, աղանդավորական կազմակերպությունների նկատմամբ հանդուրժող լինելը երբեմն սխալ տպավորություն է ստեղծում: Հայ պետական, մշակութային, հասարակական կյանքում Հայ եկեղեցին ունի իր ուրույն տեղն ու դերը, որքան էլ որ կրոնական կազմակերպությունները զարգանան կամ Հայ եկեղեցու ուղղությամբ քննադատություններ հնչեն:
Չցանկանալով կասկածի տակ դնել կրոնական այլ կազմակերպություններին անդամագրված անձանց հավատն առ Աստված` հարկ է նշել, որ կազմակերպությունների թիկունքում կանգնած անձանց իրական նպատակներն այդպես էլ չեն բացահայտվում: Հայտնի են դեպքեր, երբ նման կազմակերպության անդամակցելու պատճառով ընտանիքներում անհաշտություններ են լինում: Այստեղ հարկ է հիշել, որ ամուր պետության հիմքը ամուր ընտանիքն է: Հայ ընտանիքի, ինչպես նաև եկեղեցու դիրքերի թուլացումը կարող է անդրադառնալ նաև պետության անվտանգության վրա:
Փոփոխված սահմանադրությամբ ընդգծվում է Հայ եկեղեցու դերի նշանակությունը, և միաժամանակ նշվում է, որ «ՀՀ-ն երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գոծունեության ազատությունը»: Ի դեպ, հենց հաջորդ կետում ասվում է, թե՝ «ՀՀ-ում կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»:
Քարոզչական մեխանիզմներ զարգացնելով, որքան հնարավոր է մեծ թվով անձանց ներգրավելով կամ ունեցվածք դիզելով՝ կրոնական կազմակերպությունները հազիվ թե կարողանան ստվերել Հայ առաքելական եկեղեցու դերը: Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում, փաստորեն, եկեղեցու դերը կրկին կհստակեցվի՝ նաև մայր օրենքով:
Էրիկ Միլեր Մելիքյանի գրառումը