Եվրասիական միությունը կդառնա Հայաստան-ԵՄ հարաբերությունների “կարմիր գիծը”
Եթե Հայաստանը Մաքսային միությանն անդամակցի, չի կարող ԵՄ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մեջ լինել: Այսօր ՀՀ խորհրդարանում հայտարարեց ԵԺԿ փոխնախագահ Յացեկ Վոլսկիին` անդրադառնալով ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի տեսլականի մասին հարցին, մասնավորապես ԵՄ եւ Եվրասիական միության համատեքստում:
Նրա խոսքով, սա կարող է լինել այն կարմիր գիծը, որից հետո աշխատանքները համատեղելի լինել չեն կարող: Միեւնույն ժամանակ ԵԺԿ փոխնախագահը նշեց, որ Ռուսաստանի եւ ԵՄ հետ լավ հարաբերություններ ունենալու մեջ հակասություն չկա:
Յացեկ Վոլսկիի խոսքով, Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ- Հայաստան ասոցացման համաձայնագրի բանակցություններում Հայաստանի ընտրած տեմպը բավականին արագ է:
ԵԺԿ փոխնախագահն ընդգծեց, որ ԵՄ-ն ոչ թե կայսրություն, այլ կամավորների միավորում է, որոնց համախմբում են ընդհանուր արժեքները: “Սա մի միություն է, որը մտնելու համար դուռ են թակում”,-նշեց նա եւ հավելեց, որ ԵՄ-ն ոչ թե ստիպում, այլ առաջարկում է: “Պետք է տեսնեք, թե որն է ձեր սրտին ավելի մոտ: Ռուսաստանն էլ չի ստիպում, կարծում եմ, այլ` առաջարկում է”,-եզրափակեց նա:
Նշենք, որ այսօր խորհրդարանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ “Խորհրդարանական ուղղվածությունը և համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ և փորձ” խորագրով համաժողովը, որին ելույթներ ունեցան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Եվրոպայի Ժողովրդական կուսակցության նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Վիլֆրիդ Մարտենսը: