Սեյրան Օհանյանը «մեջտեղից» դուրս եկավ. Իրատես de facto
«Իրատես de facto»-ն գրում է.
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ներկայացրեց 1-7 գլուխների նախնական տարբերակը, որը քաղաքական ուժերը դեռևս վերապահումով են մեկնաբանում` տողատակերում այլ ենթատեքստեր տեսնելով: Իրականում մայր օրենքն այսքան գրել-ջնջելու, ամիսներով քննարկելու միակ ու հիմնական պատճառը գլխավոր հրամանատարի հարցն է եղել, այսինքն` ի՞նչ լիազորություններ են տրվելու նրան, ինչի՞ց է նա զրկվելու: Ակնհայտ էր, որ այս փոփոխություններով նախագահի հնարավորություններն էականորեն թուլանում են, և այդ պաշտոնն արարողակարգային է դառնում:
Սահմանադրության բարեփոխումների հենց սկզբից պարզվեց, որ այն «անձնավորված» է, «կարվում» է հատուկ պաշտոնյայի համար: Եթե նախագահի ֆավորիտը Սեյրան Օհանյանն է, պետք է գլխավոր հրամանատարի լիազորությունը նրան տրվեր: Այնինչ, ներկայացված տարբերակում պատերազմական իրավիճակում, ըստ էության, գլխավոր հրամանատար է դառնում վարչապետը: Այսինքն, ներկայացված փաստաթուղթը նաև հստակեցրեց, որ այսպիսի տարբերակում Սեյրան Օհանյան նախագահը չկա: Ավելին, նա ևս չի ցանկանում «անգլիական թագուհի» դառնալ և ունենալ ձևական պաշտոն:
Սա հաստատվում է նաև Սեյրան Օհանյանի «ֆալստարտով», որից հետո դժվար է նրան նախագահի թեկնածու դիտարկել: Փոխարենը նախագահի հավանական այլ թեկնածուների անունների պակաս կարծես չի զգացվում: Ակտիվ խոսակցություններ են պտտվում, որ նախագահ դառնալու մեծ հնարավորություն ունի ՍԴ ղեկավար Գագիկ Հարությունյանը: