Տեքստը դեռ պատրաստ չի, երբ կլինի տեքստը, կքննարկենք. Շարմազանովը՝ սահմանադրական բարեփոխումներից
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որտեղ քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական հարցեր, անդրադարձ է կատարվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՌԴ այցին: Այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Սակայն սահմանադրական բարեփոխումների հարցը կքննարկվի այն ժամանակ, երբ պատրաստ կլինի դրա տեքստը:
«Տեքստը դեռ պատրաստ չի, երբ կլինի տեքստը, քննարկենք և մեր որոշումը կներկայացնենք դրա վերաբերյալ: Հավանաբար, մի քանի նիստ հետո վերջնական տարբերակի հետ կապված մեր տեսակետը կներկայացնենք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով նախագահի վերջին ելույթին՝ նա ասաց, որ հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագիրը հեռանկարային է:
«Հայաստանը կարևորում է երկաթգծի կառուցումը: Նախագահ Սարգսյանը կարևորել է դա նաև Չինաստան պաշտոնական այցի ժամանակ և նշել է, որ դա Մետաքսի ճանապարհի շարունակությունն է»,- ասաց Շարմազանովը: