Օֆշորային սկանդալի նոր զարգացումները
Այսօր , Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, կշարունակվի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված հայտնի օֆշորային սկանդալի գործով քննությունը: Սույն գործով միակ մեղադրյալ Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ, ինչպես նաեւ խուսափել է հարկեր վճարելուց:
Նշենք, որ «Օֆշորի» հայտնի գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
Հիշեցնենք, որ Փայլակ Հայրապետյանն «Ամերիաբանկում» գրավադրել էր 33 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք, որպեսզի գործարար Աշոտ Սուքիասյանի հետ համատեղ ադամանդի արդյունահանման գործ սկսեին: Սուքիասյանն Աֆրիկայի Սիեռա Լեոնե Հանրապետությունից պետք է ադամանդի հումքը բերեր Հայաստան, որտեղ էլ պետք է մշակվեր այն: Բանկը Սուքիասյանին 12 միլիոն դոլար վարկ էր տրամադրել, սակայն Սուքիասյանն այդպես էլ ադամանդի հումքը Հայաստան չբերեց, իսկ բանկը, վարկային պարտավորությունները չկատարելու պատճառաբանությամբ, սկսեց բռնագանձել Փայլակ Հայրապետյանին պատկանող գույքը:
«Ինքը որ ասեց, իրեն մեղավոր չի ճանաչում, ես ուղղակի զարմացա , թե էդքան կատարած հանցագործությունների մեջ ,ոնց իրան մեղավոր չի ճանաչում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը: