Մուրադ Նազարյանը թուրքական բանտում սեռական բռնության է ենթարկվել
Ստամբուլի Սամաթիա թաղամասի 85-ամյա հայ բնակչուհի Մարիցա Քյուչուքի դաժան սպանության գործով մեղադրյալ հանդես եկող Մուրադ Նազարյանը, ով Թուրքիայի քաղաքացի է, հայտարարել է, որ բանտում բռնությունների է ենթարկվում, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «hurhaber.com» լրատվակայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի քրեական դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ ներկա են գտնվել մեղադրյալ Նազարյանն ու կողմերի փաստաբանները: Փաստաբան Էրեն Քեսինը տեղեկացրել է, որ մեղադրյալը Նազարյանը պատմել է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով ոստիկանները դատարանի դահլիճում իր ձերբակալությունից հետո իր վրա ճնշում գործադրել՝ պահանջելով խոստովանել հանցանքը: Իսկ մեղադրյալի փաստաբան Ջաֆեր Գյուլը նշել է, որ հանցագործության իրական մեղավորներն ազատության մեջ են:
Փաստաբանն ընդգծել է, որ Մարիցա Քյուչուքի տուն մտնելիս Նազարյանը մենակ չի եղել, հանցագործության վայրում հայտնաբերվել են ևս 4 մարդկանց արյան հետքեր, որոնք ներս են մտել տեսախցիկներով չվերահսկվող դռնից, այդ պատճառով չեն երևում գործով առկա տեսագրության մեջ:
Իսկ մեղադրյալը, որի նկատմամբ պահանջվել է ցմահ բանտարկություն՝ խստացված ռեժիմով, պատմել է, որ բանտում, որտեղ գտնվում է ավելի քան 2 տարի, բանտակիցների կողմից սպառնալիքների և բռնության է ենթարկվում:
«Բազմիցս ենթարկվել եմ սեռական բնույթի բռնության ու բռնաբարության: Դրանում ազդեցություն ունի նաև իմ հայ լինելու հանգամանքը: Այս մասին դիմումով տեղեկացրել եմ բանտի կառավարությանը, սակայն դիմումին ընթացք չի տրվել»,- բողոքել է Մուրադ Նազարյանը:
Դատարանը որոշում կայացրեց Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից մեղադրյալի՝ բռնության ենթարկվելու մասին հայտարարությունները ուսումնասիրելու համար հետաքննություն սկսելու մասին , սակայն մերժեց մեղադրյալի փաստաբանի միջնորդությունը՝ Նազարյանին մեկուսացնելու վերաբերյալ: Նիստը հետաձգվել է՝ ժամանակ տալով փաստաբանին՝ հիմնավորելու պահանջը:
Աղբյուր` Ermenihaber.am