Դեսպան Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնեց Գերմանիայի Նախագահին
Հուլիսի 8-ին Գերմանիայի նախագահական նստավայրում` Բեռլինի «Բելվյու» պալատում, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնեց դաշնային նախագահ Յոախիմ Գաուկին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` նախագահ Գաուկը հույս հայտնեց, որ նա իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ծավալման և ամրապնդման գործում:
Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դաշնային նախագահի խնդրանքով Աշոտ Սմբատյանը ներկայացրեց ՀՀ – ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքը: Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական համագործակցութան, տարածաշրջանային զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի:
Դեսպան Սմբատյանը շնորհակալություն հայտնեց՝ Հայաստանի զարգացմանն ուղղված գերմանական կողմի ցուցաբերած շարունակական աջակցության համար։