06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գերմանական մամուլը շարունակում է քննադատել Ադրբեջանին

Հայ մարզիկներին Բաքվի մռայլ սպորտային տոնախմբության ընթացքում
սուլեցին: Եթե նրանք մեդալ շահեն, հայրենիքում նրանց անշուշտ փառք է
սպասվում:

Հայ սպորտային նոր հերոսին բուռն ընդունելություն էր սպասվում երեքշաբթի
օրը: Ըմբիշ Միհրան Հարությունյանն իր երկրի համար վաստակել էր առաջին
մեդալը Եվրոպական խաղերին, որոնք ընթացնում էին Բաքվում՝ թշնամի հարևան
Ադրբեջանի մայրաքաղաքում: Հայաստանի մայրաքաղաք Երևանում նրան մեծ
ոգևորորությամբ դիմավորեցին և դափնու պսակ շնորհեցին:

Բաքվում հաջողության հասնելը, բազմաթիվ հայերի տեսակետի համաձայն,
կրկնակի հաղթանակ էր՝ սպորտային հակառակորդի և հանդիսատեսի հանդեպ:
Հայրենիք վերադառնալուց հետո արծաթե մեդալակիր Հարությունյանը նշում է.
«Հայ մարզիկի մարտի ընթացքում Բաքվի հանդիսատեսը բղավում էր և սուլում»:

Արդեն իսկ նախորդ ուրբաթ կայացած բացման արարողությանը հայկական թիմին
սուլոցներով դիմավորեցին: Զարմանալի չէ, որ Հայաստանում բազմաթիվ
հեռուստադիտողներ հատկապես այն մրցումներով էին ոգևորված, որոնց
ընթացքում հայ մարզիկներն ադրբեջանցիների հետ էին պայքարում:

Երկու երկրները գտնվում են պատերազմական դրության մեջ: Հիմնականում
հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի համար
համակարտությունը սկսվեց 1988թ.՝ Խորհրդային Միության փլուզման
տարիներին: Եվրոպական օլիմպիական կոմիտեի (ԵՕԿ) նախագահ Պատրիկ Հիքեյն
այս առումով իրեն որպես համերաշխության հրեշտակ է երևակայում, քանի որ
իրեն հաջողվել է համոզել Հայաստանին մարզիկներ ուղարկել Բաքվի խաղերին:

Ադրբեջանի ամենաոխերիմ թշնամիները

Երկար և բուռն քննարկվում էր այն հարցը, թե արդյոք պետք է հայ մարզիկները
մեկնեն Բաքու: Այդպես եղավ նաև 2012թ., երբ Ադրբեջանը հյուրընկալում էր
Եվրատեսիլի երգի մրցույթը (ԵԵՄ) և քննարկվում էր, թե արդյոք Հայաստանն իր
ներկայացուցչին պետք է ուղարկի հարևան թշնամի երկիր:

Այն ժամանակ նախևառաջ քննարկվում էին անվտանգության հարցերը: Ադրբեջանը
հայկական պատվիրակությանը, մի կողմից, տվեց անվատգության երաշխիքներ,
մյուս կողմից, սակայն, պետության ղեկավար Իլհամ Ալիևը մրցույթից մի քանի
օր առաջ հայտարարեց, որ հայերն ադրբեջանցիների ամենախոշոր թշնամիներն են:
Դրանից հետո հայերը չեղյալ հայտարարեցին մրցույթին իրենց մասնակցության
մասին որոշումը:

Այս տարի Հայաստանը, այնուամենայնիվ, պատվիրակություն ուղարկեց Բաքու:
Կրկին հրամայական էր այն հարցը, թե ինչպես է Ադրբեջանը երաշխավորելու հայ
մարզիկների և պատվիրակության անդամների անվտանգությունը: Ընդունող երկիրն
անվտանգության երաշխիքներ էր տվել ոչ միայն Միջազգային օլիմպիական
կոմիտեին (ՄՕԿ), այլև ԵՕԿ-ին: Այդուհանդերձ, Հայաստանում շարունակում էր
բարձր գնահատվել մեկնող մարզիկներին սպառնացող վտանգը:

Հայկական պատվիրակությունն այդ պատճառով մշակել էր հատուկ
ճանապարհորդական նախագիծ: Մարզիկները փոքր խմբերով վրացական մայրաքաղաք
Թբիլիսիով էին մեկնում Բաքու և մրցումն ավարտելուն պես վերադառնում էին:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրանք ոչ մի ավել օր չանցկացրին
Բաքվում, այլ անմիջապես իրենց մրցումներից հետո լքում էին քաղաքը:
Ընդհանուր առմամբ, Եվրոպական խաղերին Հայաստանից մասնակցեցին 25
մարզիկներ: Նրանք ներկայացնում էին վեց մարզաձև՝ ըմբշամարտ, բռնցքամարտ,
ձյուդո, հրաձգություն, թաեքվոնդո և սամբո` խորհրդային ժամանակներից
զարգացած սպորտաձև:

Աշխարհի չեմպիոնները չէին ժամանել

Ոչ բոլոր մարզիկներն էին ցանկացել մեկնել Բաքու: Երկու հռչակավոր
մարզիկներ՝ Արսեն Ջուլֆալակյանը և Արթուր Ալեքսանյանը, մնացել էին իրենց
երկրում: Երկուսն էլ ըմբշամարտի աշխարհի գործող չեմպիոններ են՝ մեկը՝
կիսամիջին, մյուսը՝ միջին քաշային կարգում: 2012թ. Լոնդոնում կայացած
Օլիմպիական խաղերին առաջինն արծաթ նվաճեց, մյուսը՝ բրոնզ:

Ջուլֆալակյանը, կարծես թե, գիտակցում էր՝ ինչ էր իրեն սպասվելու
Ադրբեջանում: 2007թ. նա մեկնել էր Բաքու՝ ըմբշամարտի աշխարհի
առաջնությանը մասնակցելու նպատակով: «Պայմանները շատ վատն էին, քեզ
բանտարկված էիր զգում», – հիշում է նա: Նա այն քիչ հայերից է, ով հարևան
երկիր մեկնելու փորձ ունի: Նախագահ Ալիևի գլխավորությամբ, ադրբեջանական
իշխանության որոշման համաձայն՝ հայերի մուտքն Ադրբեջան սկզբունքորեն
արգելվում է:

Ընդդիմադիր հայկական գործիչ Թևան Պողոսյանը ևս, ով ներկայացնում է
«Ժառանգություն» կուսակցությունը և Երևանում խորհրդարանի Արտաքին
հարաբերությունների հանձնաժողովում է, պատկանում է այն քիչ հայերի թվին,
ովքեր մեկ անգամ իրավունք են ունեցել մեկնելու Բաքու: Հարևան երկիր նա
այցելել էր ՆԱՏՕ-ի սեմինարի շրջանակներում՝ ըստ նրա զեկույցի՝ «խիստ
հսկողության տակ և մեկուսացված»: Բացի այդ, Պողոսյանը կարևոր է համարում,
ինչպես նա է բնութագրում, հանրային դիվանագիտության համար այն, ինչ
վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների
կարգավորմանը:

Պողոսյանի համար սպորտային դիվանագիտությունը կարևոր անկյունաքար է
Ադրբեջանի հետ հնարավոր բանակցություններում: «Մենք չենք վախենում
բանակցություններից  և մեր մարզիկները պատրաստ էին և պատրաստ են
ներկայացնելու մեզ ադրբեջանական հանրության առջև: Սակայն ադրբեջանական
հասարակությունը չի կարողանում հանդուրժել Բաքվում հայի հաղթանակը»,-
նշում է «TAZ»-ին Պողոսյանը: Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի են
տարածում ատելությունը հայի հանդեպ, ինչը ցույց է տալիս, որքան խորն է
արմատավորված ազգայնականությունը երկրում:

Նա մի հիմանարար հարց է տալիս. «Ինչպե՞ս կարող է պատահել, որ առաջին
եվրոպական խաղերը տեղի ունենան մի երկրում, որտեղ ամեն օր ոտնահարվում են
այնպիսի եվրոպական արժեքներ, ինչպիսիք են մարդու իրավունքները և խոսքի
ազատությունը, որտեղ լրագրողները բանտարկված են, իսկ այլատյացությունը
պետական քաղաքականություն է»: Պողոսյանն ինքն իրեն պատասխանում է.
«Եվրոպական միությունը հանդուրժում է այս ամենը ադրբեջանական նավթի, գազի
պաշարների և խավիարային դիվանագիտության պատճառով»:

Ընդդիմադիր քաղաքական գործիչը, ամեն դեպքում, մեծ հաջողություն է մաղթում
հայ մարզիկներին Բաքվում: Այնտեղ հունիսի 22-ին կրկին լարված է լինելու,
միգուցե՝ էլ ավելի լարված: Այդ օրը մարզադաշտում մրցելու են սամբոյի
Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը և այս մարզաձևում բրոնզե
մեդալակիր Սոսե Բալասանյանը: Երկուսն էլ Լեռնային Ղարաբաղից են:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ