Հո՞ ադինոկի վոլկ չի. գեներալը՝ Շուշան Պետրոսյանին
Ազգային ժողովում քննարկվում է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ այդմ՝ երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար ներկայացվող դիմումների համար սահմանված ժամկետը երկարաձգվելու է մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը Պաշտպանության փոխնախարար, հիմնական զեկուցող Արա Նազարյանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ մարդիկ կան, որ մասնակցել են պատերազմի, սակայն այրվել են փաստաթղթերն, ու նրանք ապացույցներ չունեն իրենց մասնակցության վերաբերյալ: Հետևաբար այդ մարդիկ չեն կարող ստանալ այն առավելությունները, որոնք ստանում են պատերազմի մասնակիցները: «Կան ընկերներ, որոնք կարող են վկայել, որ եղել են նրանք պատերազմի դաշտում, նույն ջոկատից, ինչպե՞ս կարող ենք օգնել»,-հարցրեց նա:
Արա Նազարյանը պատասխանեց, որ հանձնաժողովը հրավիրվում է ջոկատի հրամանատարներին, պատերազմին մասնակից հեղինակավոր անձնավորություններին, որոնք իրենց վկայություններով լուծում են այս խնդիրև, և այստեղ կաշկանդվածության խնդիր չկա: «Կարող են լինել նաև մարդիկ ու հրավիրվեն նիստին, որևէ կաղապարված բան չկա, ճկուն է այդ մեխանիզմը, հանձնաժողովին տրված է լիազորություն, հանձնաժողովի նախագահը Պաշտպանության նախարարն է, տեղակալը հարգարծան պարոն Գրիգորյանը, դժվար թե այնտեղ բաներ լինեն»,-նկատեց նա:
Պատգամավորը, սակայն, շեշտեց. «Հայ տղամարդը, որ անցել է պատերազմ, վիրավորվում է, ասում է՝ ես պիտի՞ ապացուցեմ, ո՞նց ինձ չեն հավատում, ես պիտի բերեմ մեկին, ով պատմի, թե որտեղ եմ մասնակցել»: Նրան ընդհատեց գեներալ Մանվել Գրիգորյանը. «Հո՞ ադինոկի վոլկ չի»: Պատգամավորն ասաց՝ խոսքն այս մասին չէ: