Հոգեբանի կարիք ունի

Այսօր` ԱԺ-ում ՀՀ դատախազության 2014 թվականի գործունեության հաղորդման քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյան անդրադարձավ ՀՀ գլխավոր դատախազին:
«ՀՀ գլխավոր դատախազը խփելով շատախոսության բոլոր ռեկորդները՝ մեզ բացատրում էր, թե ինչ քմահաճ էակ է իրավաբանությունը: Չնայած նա շոումենին հատուկ ժեստիկուլացիայով փորձում էր բացատրել այն ամենը, ի վերջո շոուն չստացվեց, քանի որ ժողովուրդը լավ գիտի, թե ինչ բեջուռա կենդանի է գևորգկոստանյանական-աղվանհովսեփյանական իրավաբանությունը»,-ասաց Փաշինյանը:
Փաշինյանի դիտարկմամբ` հենց այսպիսի իրավաբանությունն է պատճառը, որ պնդում են , որ Սյունիքի մարզպետը քնած է եղել 2013 թվականի հայտնի դեպքերի ժամանակ, երբ սպանվեց Ավետիք Բուդաղյանը:
Փաշինյանը հիշեցրեց` ժամանակին դատարանը որոշում էր կայացրել գաղտնալսել Սուրիկ Խաչատրյանի շրջապատին, սակայն որոշումը այդպես էլ չկատարվեց. «Իսկ այդ մարդիկ, ում պետք է գաղտնալսեին, Սուրիկ Խաչատրյանի հեռախոս բռնողներն էին: Երբ հերթը գալիս է ձեր իշխանության ներկայացուցիչներին, տեխնիկական խնդիրների պատճառով չեք կարողանում գաղտնալսել, իսկ երբ հերթը գալիս է ընդդիմադիրներին, պատրաստ եք օրվա մեջ 24 ժամ առանց հոգնելու լսել»:
Անդրադառնալով Գևորգ Կոստանյանին ու նրա ԱԺ-ում վերջին ելույթին, շարժուձևին` Փաշինյանը վերջինիս հիշեցրեց, որ հենց ԱԺ-ն է նշանակում գլխավոր դատախազին. «Եկել ա մատը սենց ա անում, նենց ա անում: Սա գլխավոր դատախազ նշանակող մարմին ա. ձեր ցուցամատը ձեզ պահեք, ձեզ կարգի հրավիրեք: Եթե էլի ձեզ այդպես պահեք, ամեն անգամ գնալուց հոգեբանի կարիք եք ունենալու»: