ԲՀԿ-ն դիսկոմֆորտ է զգում ռադիկալ բառերից. Երվանդ Բոզոյան /վիդեո/
“Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը գտավ այն տեխնոլոգիան, թե ինչպես կարելի է սարքել ընտրությունները, որ մեծ աղմուկ չառաջանա: Ակնհայտ է, որ եթե ոչ մի բան չփոխվի, գալիք նախագահական ընտրությունները նույն կերպ կանցնեն”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը եւ հավելել, թե ՀՀԿ հավաքած 46 տոկոս ձայներն իրականությանը չեն համապատասխանում: Ըստ նրա, ստացվում է այնպես, որ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանն ավելի մեծ հեղինակություն ունեն, քան Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանն ունեին: “Դա ռեալ կյանքում այդպես չէ, սա թղթի վրա այդպես է: Մեր մոտ կատարվեց թղթե հեղափոխություն“:
Երվանդ Բոզոյանի խոսքով, այս ընտրությունների միջոցով իշխանությունն “իմպերատիվ մեսիջ ուղարկեց հանրությանը կամ ես մնալու եմ հավերժ, կամ եթե դուք ուզում եք ինչ- որ բան փոխել պիտի դիմեք ոչ ավանդական քայլերի”:
Բոզոյանի համոզմամբ, այս խնդիրը պետք է քննարկեն քաղաքական ուժերը եւ որոշեն` շարժվում են այդ խաղի կանոններով, թե փորձում այլընտրանք դառնալ:
Երվանդ Բոզոյանի խոսքով, այլընտրանքի մասին խոսող ԲՀԿ-ն երկար ժամանակ իշխանության մեջ է եղել եւ դիսկոնֆորտ է զգում ռադիկալ բառեր օգտագործել, սա ըստ նրա, բանական է:
Ըստ նրա, բառերից կառչել պետք չէ, քանի որ ամեն ինչ պարզ կլինի պրակտիկ գործուենության արդյունքում: “ԲՀԿ-ին առաջարկեցին վեց նախարարություն, երեք մարզպետ եւ մի շարք այլ պաշտոններ: Ցույց տվեք մի քաղաքական ուժ, թեկուզ ընդդիմադիր, որ դրան չհամաձայնվեր”,-հայտարարեց Երվանդ Բոզոյանը: Քաղաքագետը, միեւնույն ժամանակ համաձայն է ասուլիսի մյուս բանախոսի կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի այն դիտարկմանը, թե Հայաստանում քաղաքականությունը առեւտուր է :
Երվանդ Բոզոյանը խոսելով նախագահական ընտրություններում այլընտրանքային թեկնածուի հնարավորության մասին, չբացառեց, որ դա կարող է լինել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այդ մասին հարցին նա պատասխանեց.” Ես ոչինչ չեմ բացառում”: