«Ցմփոր քաղաքապետերը, բռնաբարում են երկրի ապագան …»

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի միջև» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ Վանաձորի քաղաքապետի կողմից այս պահին վաճառվում է դրամաշնորհների միջոցով քաղաքին տրամադրված աղբահանության մեքենաները, ապա հարց հնչեցրեց՝ կան արդյոք երաշխիքներ, որ վարկային այս համաձայնագիրն էլ չի արժանանա նույն ճակատագրին ու չի դրվի վաճառքի:
«Էս ապօրինության դեմն ո՞վ պետք է առնի: Նոր վարկ ենք վերցնում, մենք էլ պետք է ԱԺ-ում հաստատենք այն դեպքում, որ չգիտենք՝ վաղը մյուս օրը համայնքապետերը իրանց կնվիրեն, կծախեն, կուտեն-կպրծնեն… Ո՞վ պիտի սրա դեմն առնի: 1,5 միլիոն դրամով հատը հենց հիմա աշխատող մեքենաների ուղղակի վաճառքով ծախում են»,- հարցրեց Էդմոն Մարուքյանը: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանի խոսքով` վերահսկելու են համայնքների բյուջեները:
Պատգամավորները մտահոգություն հայտնեցին, թե Հայաստանն արտաքին վարկի առումով առանց այդ էլ ծանրաբեռնված է ու նոր վարկի կարիք չունի: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ նշեց, թե «էս ամենաանշառ» վարկն է ու մինչև 2029 թվականը կարող է հեշտ մարվել:
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ նշեց, թե կառավարությունը նման համաձայնագրեր ներկայացնելուց պետք է մտածի նաև իշխող մեծամասնության մասին: «Արտաքին պարտք ասածն ի՞նչ է, ամեն տարի պետական բյուջեի սուղ միջոցներից, որ հազար ու մի դարդ ու ցավ ունենք, վարկ ենք սպասարկում, որովհետև արդյունքում ցմփոր քաղաքապետերը՝ իրենց տեղը նստած, բռնաբարելով երկրի ապագան, ծախսերը փակելու փոխարեն էշություն են անում»,- շեշտեց Սամվել Ֆարմանյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, թե լավ չէ, որ փոխնախարարը չունի Էդմոն Մարուքյանի հարցի պատասխանները: «Հարց են տալիս, մենք գլուխներս ենք կախում, ինչո՞ւ պետք է պատասխանատու լինեմ ինչ-որ քաղաքապետի կերած կեղտերի համար, որ որպես իշխանություն չգիտեմ՝ ոնց վերահսկեմ»,- եզրափակեց Ֆարմանյանը:
Օրինագիծը 3 կողմ, 1 ձեռնպահ (Ալեքսանդր Արզումանյան) և 1 դեմ (Վահե Էնֆիաջյան) ձայների հարաբերակցությամբ, մտավ ԱԺ քառօրյա նիստ: Սամվել Ֆարմանյանն ու Էդմոն Մարուքյանը չմասնակցեցին քվեարկությանը: