Սփյուռքի նախարարի կոչն աբսուրդային չէ

«Այո, դա կարող է տնտեսությանը որոշակի աշխուժություն ապահովել, սակայն մինչ այդ պետք է ներդումների համար բարենպաստ միջավայր ապահովել: Ցանկացած դեպքում եթե բանկերի ծավալները մեծանան, դա իհարկե ֆինանսական հնարավորություն է, այլ բան՝ միայն դա բավարա՞ր է, թե ոչ տնտեսության զարգացման համար»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկի մասին: Հիշեցնենք, որ նա կոչ էր ուղղել սփյուռքահայերին 1000 դոլար ներդնել հայաստանյան բանկերում ՀՀ տնտեսությունը զարգացնելու համար:
Ըստ պատգամավորի՝ կոչից զատ պետք է հիմնավորումներ լինեն, որ մարդիկ, ովքեր ներդրումներ պետք է կատարեն՝ տվյալ դեպքում ավանդների տեսքով, նրանք պետք է վստահ լինեն, որ այդ ավանդների թե գումարները և թե տոկոսադրուքյները երաշխավորված են: Արծվիկ Մինասյանը նշեց, որ իհարկե կան նվազագույն հնարավորություններ երաշխավորվածությունների, սակայն դա բավարար չէ: «Ներդումային միջավայրը փոփոխելու հնարավորություն պետք է իրականացվի, որպեսզի արտասահմանյան ներդումները, հատկապես սփյուռքահայերի ներդումները լինեն երկրաժամկետ, վստահելի և կարողանան ունենալ կայուն զարգացում»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ եթե հաշվի ենք առնում այն, որ հայ օլիգարխներն իրենց գումարը պահում են դրսում, արդյոք նման կոչն անհեթեթ չէ,պատգամավորն արձագանքեց՝ իհարկե, ոչ: «Երբեք աբսուրդային չէ, որովհետև ցանկացած դեպքում օլիգարխ կլինի, թե մեծահարուստ որևէ անձ, ինքն է որոշում կայացնում իր կապիտալի տեղաբաշխման մասով, բայց երբ մենք խոսում ենք ընդհանուր ներդումային միջավայրը բարելավելու մասին, նաև վստահության վերկանգնման, սա հիմնարար լուծում է պահանջում, և չպետք է հակադրել սա այս կոչերին: Միայն Սփյուռքի նախարարը չէ, բոլորը պետք է կոչ անեն, բայց կոչից զատ անհրաժեշտ է, որպեսզի ենթակառուցվածքները ապահովեն»,-եզրափակեց նա: