Ադրբեջանին հարկավոր է լարվածություն առաջնագծում. ռազմական փորձագետ
“Տարիներ շարունակ ադրբեջանական կողմը բանակցային գործընթացներում պատերազմը չվերսկսելը ներկայացրել է իբրեւ փոխջիզում թե հայկական կողմին, թե միջնորդ երկրներին: Իրենք շատ լավ հասկանում են, որ գոնե տվյալ ժամանակահատվածում, նաեւ, իհարկե, տեսանելի հեռանկարում տարածաշրջանում լուրջ աշխարհաքաղաքական շահեր ունեցող պետություններին մեծ պատերազմը ձեռտու չէ”,- “Հենարան” ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փորձագետ Դավիթ Ջամալյանը` անդրադառնալով`վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանագծին տեղի ունեցած հրադադարի խախտման դեպքերին:
Ըստ Դավիթ Ջամալյանի, ադրբեջանական կողմը դրա փոխարեն փորձում է կորզել առավելագույնը: Նրա կարծիքով, ԱՄՆ պետքարտուղարի այցի նախօրեին իրավիճակի սրումը պայմանավորված է ոչ միայն դրանով: “Իմ կարծիքով` Ադրբեջանը պատերազմի շանտաժի հնարքը փորձեց կրկին կիրառել եւ վճռական լինելու տրամադրվածության պատրանք ստեղծել` փորձելով պարզել պետքարտուղարի հնարավոր ռեակցիան`արդյոք կմարսվի ծեծված հնարքն այս անգամ էլ”,-ասաց ռազմական փորձագետը` ավելացնելով, որ երբ պետքարտուղարի մակարդակով հնչեցվեց պահանջ, թե Բաքվում էլ պետք է հայտարարվի խաղաղության պահպանման անհրաժեշտությունը, հակամարտ կողմը ստահոդ լուրեր տարածեց, թե իրավիճակի սրման պատճառը հայկական կողմի ստորաբաժանումներում միջանձնային կոնֆլիկտի արդյունք է:
Փորձագետը համոզված է, որ Ադրբեջանը ուզում է լարվածություն ստեղծել առաջին գծում, բայց պատերազմ չի ուզում: “Մի բան հստակ է, ամեն անգամ պետք է արժանի պատասխան տանք հակառակորդի նկրտումներին, որովհետեւ որքան հուժկու լինի մեր արձագանքը, այնքան երկարատեւ կլինի դրան հետեւած անդորրը”,-ասաց նա: