Ոստիկանությունը զգուշացնում է

Ապրիլի 23-24-ին անվտանգության նկատառումներից ելնելով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք, ինչպես նաեւ հանրային այլ միջոցառումների անցկացման վայրեր մուտք գործող անձանց արգելվում է կրել մի շարք իրեր, որոնց ցանկը ոստիկանությունը ներկայացրել է: Այդ առարկաների թվում են նաեւ մեծ պայուսակներն ու տոպրակները: Մայր Աթոռի տարածք, ինչպես նաեւ ստորեւ նշվող այլ հանրային միջոցառումների անցկացման վայրեր մուտք գործող անձանց արգելվում է.
– կրել կամ ունենալ քիմիական, պայթուցիկ, հրավառ եւ դյուրավառ նյութեր, ինչպես նաեւ այն իրեր եւ միջոցներ, որոնց առկայությունը կամ կիրառումը կարող է վտանգ ներկայացնել շրջապատում գտնվող անձանց համար,
– ունենալ ռազմամթերք, զենքի ցանկացած տեսակ եւ դրանց փամփուշտներ (բացառությամբ այն անձանցից, ովքեր, ելնելով ծառայողական պարտականությունների կատարումից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն պահել, կրել, կիրառել եւ օգտագործել հաշվեցուցակային հրազեն),
– ունենալ մեծածավալ առարկաներ, այդ թվում՝ տնտեսական եւ այլ մեծ պայուսակներ, տոպրակներ, պարկեր, ճամպրուկներ, ուսապարկեր եւ այլն:
Միջոցառման անցկացման ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք բերվող անձնական իրերը ենթարկվելու են զննման: