Օվերչուկի կողմից Թուրքմենչայի պայմանագրի հիշատակումը պատահական չէ. դրա կարևոր շերտերից մեկը ոչ միայն ԹՐԻՓՓ-ի, այլև Նախիջևանի թեման է. Շիրազ Խաչատրյան

Ապրիլի 2-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ «Թրամփի ուղի» նախագծի իրականացման համաձայնագրի ստորագրումը խախտել է Հարավային Կովկասի տարածաշրջանային հավասարակշռությունը։
«Խնդիրն այն է, որ այդ ստորագրություններն ավելի խորը գործընթացներ են առաջացրել։ Դրանք խախտել են տարածաշրջանային հավասարակշռությունը, որը գոյություն ուներ 1828 թվականից, երբ ստորագրվեց Թուրքմենչայի պայմանագիրը»,- հիմնավորել է նա՝ հիշեցնելով, որ «այդ ժամանակ Էրիվանի և Նախիջևանի խանությունների հողերը զիջվեցին Ռուսական կայսրությանը, և սահմանը հաստատվեց աշխարհագրական սահմանագծով՝ Արաքս գետի երկայնքով»:
«Այդ ժամանակվանից ի վեր, ընդհանուր առմամբ, սա խաղաղ սահման է, ինչն ապահովվել է երկու մեծ հարևանների միջև ձեռք բերված պայմանավորվածություններով»,- շեշտել է Օվերչուկը:
Ռուսաստանի փոխվարչապետը շարունակել է, թե Ռուսաստանի մասնակցությունը փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբում թույլ էր տալիս հավասարակշռված քննարկել բոլոր ներկա երկրների շահերը՝ հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունը, իրավասությունը, տարածքային ամբողջականությունը և տնտեսական շահերը։
«Ադրբեջանը կառուցողական էր տրամադրված, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որն այդ պահին արդեն բանակցություններ էր վարում ԵԱՏՄ-ի հետ շուկաների փոխադարձ բացման շուրջ, չէր զգում այն սպառնալիքները, որոնք բերեց Արաքսի հյուսիսային ափ ամերիկացիներին հրավիրելը»,- ասել է նա։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից հետո, որի 9-րդ կետը վերաբերում է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, ևս երկու Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է ստորագրվել:
Մասնավորապես, 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում հաստատված հայտարարության մեջ խոսվում է ապաշրջափակման հարցով զբաղվող աշխատանքային խմբի ստեղծման մասին:
«1. 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասով 9-րդ կետի իրագործման նպատակով կողմ ենք Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալի համատեղ նախագահությամբ գործող եռակողմ Աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի առաջարկին:
2. Աշխատանքային խումբը մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը կանցկացնի առաջին նիստը, որի արդյունքներով կկազմի Հայտարարության 9-րդ կետի իրագործումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ սահմանելով երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունները,ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ Կողմեր) միջև համաձայնեցմամբ կսահմանի այլ ուղղություններ»,- նշվում է փաստաթղթում:
2021 թվականի նոյեմբերի 26-ին էլ Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարները համատեղ հայտարարություն էին ընդունել, որտեղ, ըստ էության, դարձյալ շեշտը դրվել էր ապաշրջափակման, բայց նաև՝ սահմանագծման գործընթացի վրա:
«Բարձր գնահատեցինք 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժի բացահայտման նպատակով կոնկրետ ծրագրերի շուտափույթ մեկնարկի անհրաժեշտությունը»:
Եվ թեև ԹՐԻՓՓ-ի և տարածաշրջանում առևտրային միջանցքների վերաբերյալ Արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի հոդվածի համատեքստում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում վերջերս անդրադարձել ենք տարածաշրջանային խաղացողների դերակատարմանը՝ Ռուսաստանի վերափոխվող և Թուրքիայի ամրապնդվող դերին: Սակայն ՌԴ փոխվարչապետի հայտարարության տողատակերին այդ ժամանակ անդրադարձ չի եղել, ինչը փորձել ենք այս անգամ անել:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում այս անգամ փորձել ենք հասկանալ՝ ի՞նչ է նշանակում Օվերչուկի կողմից Թուրքմենչայի պայմանագրի հիշատակումը, ի՞նչ նկատի ունի ՌԴ պաշտոնատար անձի այս հետաքրքիր հայտարարությունը և՛ Սյունիքի, և՛ Նախիջևանի մասով։
«Ըստ իս, Օվերչուկի այդ հայտարարությունը ոչ այնքան պատմական էքսկուրս է, որքան քաղաքական ուղերձ է ռեգիոնալ ու խոշոր դերակատարներին։ Երբ նա ասում է, որ ԹՐԻՓՓ-ի շուրջ պայմանավորվածությունները խախտել են 1828 թվականից ձևավորված հավասարակշռությունը, փաստացի նկատի ունի այն տարածաշրջանային կարգը, որի հիմքում երկար ժամանակ եղել են ռուսական և իրանական ազդեցության սահմանները, իսկ ավելի ուշ՝ նաև Մոսկվայի միջնորդավորված պայմանագրային համակարգը։ Թուրքմենչայի պայմանագրի հիշատակումն այստեղ պատահական չէ։ Ռուսական կողմը փորձում է ցույց տալ, որ Հարավային Կովկասի ներկայիս սահմանային և քաղաքական ճարտարապետությունը ձևավորվել է ոչ թե այսօր, այլ ունի երկդարյա պատմական-իրավական խորը հիմք, որի շրջանցումը Մոսկվայում ընկալվում է որպես ուժերի դասավորության փոփոխություն՝ ի վնաս իրենց։ Այս հայտարարության կարևոր շերտերից մեկը ոչ միայն ԹՐԻՓՓ-ի, այլ նաև Նախիջևանի թեման է։ Գիտեք, որ Ադրբեջանը վերջին շրջանում Նախիջևանի մասով վերացրեց 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի նշանակությունը՝ իր ներքին իրավական դաշտում թուլացնելով դրանց հիշատակումները։ Բայց հենց այդ պայմանագրերով է ամրագրվել Նախիջևանի հատուկ կարգավիճակը՝ որպես Ադրբեջանի կազմում գտնվող տարածք՝ արտաքին երաշխիքներով։ Այսինքն, երբ Բաքուն փորձում է այդ հիմքերը հետին պլան մղել, դա Մոսկվայում դիտարկվում է ոչ թե տվյալ երկրի ներքին փոփոխության հարց, այլ որպես ամբողջ տարածաշրջանային իրավաքաղաքական կառուցվածքի վերաիմաստավորման փորձ։ Այդ պատճառով էլ Օվերչուկի խոսքը, որ հղում է կատարում նախկին պայմանագրերին, իմ գնահատմամբ, մի քանի բան է նշանակում։
Առաջինը՝ Ռուսաստանը բացահայտ ասում է, որ նոր հաղորդակցային նախագծերը չեն դիտարկում զուտ տնտեսական հարթության վրա։
Երկրորդը՝ Մոսկվան զգուշացնում է, որ Հարավային Կովկասում առանց իր մասնակցության կառուցվող նոր հավասարակշռությունը համարում է խնդրահարույց։
Եվ երրորդը՝ սա արձագանք է ոչ միայն ամերիկյան ներգրավվածությանը, այլ նաև Թուրքիայի աճող դերին և Ադրբեջանի փորձերին՝ վերախմբագրել նախկին պայմանագրային հիմքերը։ Կարճ ասած՝ Օվերչուկը փորձում է ասել, որ Նախիջևանի կարգավիճակի փոփոխության հարցը կամ ԹՐԻՓՓ-ը ռուսական ընկալմամբ ոչ թե նոր պրոցեսներ են կամ նախագծեր, այլ հարված են այն պատմաքաղաքական համակարգին, որի վրա Մոսկվան տասնամյակներ շարունակ կառուցել է իր ազդեցությունը տարածաշրջանում»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Շիրազ Խաչատրյանը:
Այն, որ Ալիևը որոշել է սահմանափակել Նախիջևանի ինքնավարությունը, գրել ենք դեռ անցած տարի: Մենք հայտնել ենք նաև Նախիջևանը հարկային և վարչական ազատ գոտու վերածելու գործընթացի մասին և անդրադարձել դրա ռիսկերին:
Հարցին՝ որքանո՞վ կարելի է նույն հարթության մեջ դիտարկել Նախիջևանի ներքին իրավական փոփոխության թեմաները և Սյունիքով անցնող ճանապարհի հարցը, կամ՝ կարելի՞ է, Շիրազ Խաչատրյանը դրական պատասխան տվեց:
«Այո, Նախիջևանի ներքին իրավական փոփոխությունների թեման և Սյունիքով անցնող ճանապարհի հարցը կարելի է դիտարկել նույն ռազմաքաղաքական հարթության վրա։ Արտաքուստ դրանք տարբեր գործընթացներ են, բայց իրականում նույն վերաձևավորման երկու կողմերն են։ Օվերչուկի հայտարարություններն ուշագրավ են հենց այս պատճառով։ Երբ նա խոսում է Սյունիքով անցնող ճանապարհի, եռակողմ աշխատանքային խմբի և «խախտված հավասարակշռության» մասին, ակնհայտ է դառնում, որ Մոսկվան դժգոհ է ոչ միայն կոնկրետ նախագծից, այլ նաև նրանից, որ Հայաստանը փորձում է շարժվել այնպիսի ձևաչափերով, որտեղ Ռուսաստանի դերը կամ նվազում է, կամ շրջանցվում է։ Այս համատեքստում Նախիջևանի շուրջ իրավական փոփոխությունները և Սյունիքով անցնող ճանապարհի թեման իրար հետ կապվում են։
Եթե Բաքուն մի կողմից փորձում է վերաիմաստավորել Նախիջևանի կարգավիճակի հիմքերը՝ նվազեցնելով նախկին պայմանագրային հղումների նշանակությունը, ապա մյուս կողմից առաջ է մղում հաղորդակցային նոր ռեժիմ, որը պետք է գործի արդեն նոր ուժային պայմաններում։ Այսինքն՝ մի դեպքում վերանայվում է իրավական հիմքը, մյուս դեպքում՝ ստեղծվում է դրա աշխարհաքաղաքական շարունակությունը։ Ռուսաստանի համար սա մեկ ընդհանուր գործընթաց է՝ իր դերի թուլացման, Թուրքիայի ազդեցության աճի, ամերիկյան ներգրավվածության խորացման, Ադրբեջանի ավելի ինքնուրույն խաղի և Հայաստանի հաճախ անհասկանալի վարքագծի ընդհանուր պատկերով։ Այդ պատճառով Օվերչուկի խոսքում Իրանի հիշատակումը ևս պատահական չէ։ Մոսկվան փաստացի ակնարկում է, որ նախկին հավասարակշռության պայմաններում Թեհրանը սպառնալիք չէր զգում, քանի դեռ Ռուսաստանը ներգրավված էր որպես միջնորդ ու երաշխավոր։ Բայց հիմա, երբ այդ համակարգը փոխվում է, Իրանի զգայունությունն էլ բնականորեն աճում է, և վերջինս ևս ոչ պասիվ ձևով պետք է իր շահերն առաջ մղի տարածաշրջանում»,- ասաց փորձագետը:
Հավելենք, որ օրերս ադրբեջանական աղբյուրները հայտնել էին, որ աշխատանքներ են տարվում Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի հիմնական էներգահամակարգին միացման և Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա էներգետիկ միջանցքի ձևավորման ուղղությամբ:
Այս համատեքստում տեղեկացվել էր, որ կառուցվում է 330 կիլովոլտ լարմամբ և 1000 մեգավատտ հզորությամբ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ, որը սկիզբ է առնում Ջրականից (Ջաբրայիլից)», և, որ նախագծի հաջորդ փուլում կկառուցվի հավելյալ 44 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գիծ, որը կհատի «Զանգեզուրի միջանցքը»։
Անցած տարի էլ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովն անդրադարձել էր «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հեռանկարներին և հայտնել հետևյալի մասին.
«Քանի որ Նախիջևանը չունի Ադրբեջանի հետ ցամաքային կապ, մենք ներկա պահին նրան բնական գազ մատակարարում ենք Թուրքիայի միջոցով՝ Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով։ Վերջին շրջանում ի հայտ է եկել երկրորդ խողովակաշարի կառուցման հնարավորությունը։ Այսինքն, կա հնարավորություն Զանգեզուրից Նախիջևան գազատար կառուցելու: Սրա շնորհիվ էլ հնարավոր է դառնում նաև խողովակաշար անցկացնել Նախիջևանից Կարս, ինչը նոր հեռանկարներ է բացելու»,- մանրամասնել էր նա:
Մարիամ Պետրոսյան
168.am











































