27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

«Հոգեւոր ճգնաժամի շեմին՞ Ինչ է քննարկվում փակ դռների հետեւում»

«Ես միշտ կրկնել եմ, որ երբ հարցեր, խնդիրներ կլինեն որեւէ մեկ տեղ, եւ նպատակը լուծումներ գտնելն է, պետք է երկխոսություն ստեղծվի»,– NEWS.am-ի հետ զրույցում նշեց արքեպիսկոպոսը։

Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն այն հոգեւորականներից է, որը փետրվարի 17-19–ին նույնպես մասնակցել է Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքին։ Այդ հավաքին ընդունված հայտարարությունից զատ, որտեղ իշխանությանը կոչ էր արվում դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները եւ հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը, հրապարակվեց նաեւ բացման նիստի ժամանակ հնչած՝ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի ուղերձը։ Պատրիարքն առաջարկել է ստեղծել սինոդական կառույց (խմբ. բարձրագույն հոգեւորականներից կազմված ղեկավար մարմին)՝ որպես իշխանություն-եկեղեցի հարաբերություններում ճգնաժամից ելք, քանի որ, ինչպես նշել է՝ «Գերագույն Հոգեւոր Խորհուրդը (խմբ.- Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գործադիր բարձրագույն մարմին), դժբախտաբար, հեղինակազրկված է եւ եթե Մայր Աթոռը չստանձնի այս վարչական բարեփոխությունը, ներկա Գերագույն Հոգեւոր Խորհրդի կազմով Վեհափառ Հայրապետի հեղինակությունը անբաղձալի կերպով տկարանա»։

Պատրիարքն առաջարկել է ընտրել 15 ավագ եպիսկոպոսներ, որոնք, նրա խոսքով, պետք է օգնեն եւ թիկունք կանգնեն Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռի կառավարման գործում` նրանց շարքում ներառելով նաեւ Կաթողիկոսի դեմ դուրս եկած հոգեւորականներին։

Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը հրաժարվեց մեկնաբանել Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի ուղերձի բովանդակությունը՝ նշելով` որոշում է կայացվել, որ Մայր Աթոռը պետք է պաշտոնական հայտարարություններով հանդես գա ստեղծված իրավիճակի շուրջ։

Հարցին՝ արդյո՞ք կարող է կառույցը ստեղծված իրավիճակի լուծման մեխանիզմ դառնալ, Խաժակ Սրբազանը պատասխանեց. «Ամեն ինչ կարելի է։ Եկեղեցին իր կարգերը, կանոններն ունի։ Ամենակարեւորը՝ եկեղեցու առաքելությունը պետք է շարունակական մնա, իսկ կարգերը, կանոնները, Սահմանադրությունը միջոցներ են այդ առաքելությունը ճիշտ, ուղիղ կերպով շարունակելու։ Սահակ Պատրիարքի կեցվածքը միշտ հստակ է եւ ինքը Մայր Աթոռի, Վեհափառ Հայրապետին զորակից է, այդ մասին նաեւ այս հայտարարության մեջ է նշում»,- ասաց նա։

Պոլսո պատրիարքի ուղերձում նշվում էր, որ անհրաժեշտ է ճշտել Ազգային Եկեղեցական Ժողովի գումարման ամսաթիվը:

Արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հարցը նոր չէ, ժողովի հրավիրումը պարզապես հետաձգված է։ Հարց ուղղեցինք՝ արդյո՞ք հնարավոր է, որ Վեհափառ Հայրապետի պաշտոնավարումը կասեցնելու որեւէ օրակարգ լինի, եթե ազգային եկեղեցական ժողով հրավիրվի։ Ի պատասխան Խաժակ Սրբազանը նշեց, որ, իր կարծիքով, այդպիսի բան չի լինի. «Դժվար է ասել, ես պարզապես իմ մտքերն եմ ասում։ Օրենքներն այնպիսին են, որ ազգային եկեղեցական որեւէ ժողովի ընթացքում կարող են առաջարկություններ լինել, եթե առաջարկությունները մեծամասնությամբ քվեարկվեն, կարող են ընդունվել։ Ես պարզապես ժողովական օրենքներն եմ հիշատակում»։

Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, սակայն, իր ուղերձում խոսում էր Կաթողիկոսի կարգավիճակը վերաճշտելու հնարավորության մասին` ասելով, որ դրա համար միակ համաեկեղեցական կառույցը Ազգային Եկեղեցական Ժողովն է:

Հարցին՝ չի՞ ստացվում, որ Սահակ պատրիարքն այս ձևակերպմամբ Կաթողիկոսի հեռացման հնարավորությունն է ակնարկում, Խաժակ Սրբազանը նշեց, որ չի կարող ասել, բայց եպիսկոպոսաց հավաքին նման հարց չի քննարկվել։

Հարցին՝ արդյո՞ք հնարավոր է, որ հոգեւորականները միասնական կարողանան հանդես գալ՝ հաշվի առնելով առկա հրապարակային հակասությունները, արքեպիսկոպոսը նշեց. «Հայ եկեղեցին իր առաքելությունն ունի եւ մենք պետք է մտածենք՝ այդ առաքելությունը ներկայիս ժամանակահատվածում ինչպես առավել արդյունավետ իրականացնել։

Ինչպես բոլոր եկեղեցիները, այնպես էլ հայ եկեղեցին ինքն իրեն վերանորոգել է։ Այսօր էլ եկեղեցին այդ վերանորոգման կարիքն ունի ու այդ մասին նաեւ զեկույց ներկայացվեց Եպիսկոպոսաց հավաքի ընթացքում, թե ինչպես կարող ենք այս ժամանակաշրջանում Հայաստանում եւ Սփյուռքում հայ եկեղեցու առաքելությունն ավելի աշխուժացնել։ Ինձ համար սա է ամենակարեւորը»։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ