Գենետիկան եւ մարդկության ծագումը․ ինչպես է ԴՆԹ-ն բացահայտում պատմությունը /Տեսանյութ/
Գենետիկան՝ ծինաբանությունը, վերջին տասնամյակներում դարձել է պատմության և հնագիտության կարևորագույն գործիքներից մեկը՝ փոխելով մեր պատկերացումները մարդկության անցյալի մասին։ Եթե նախկինում գիտնականները հիմնվում էին հիմնականում գրավոր աղբյուրների և նյութական մշակույթի վրա, ապա այսօր ԴՆԹ-ի ուսումնասիրությունը թույլ է տալիս վերականգնել մարդկային խմբերի ծագումը, տեղաշարժերը և փոխհարաբերությունները։
Հնագիտական գտածոներից՝ ոսկորներից, ատամներից կամ նույնիսկ հողի նմուշներից, հնարավոր է առանձնացնել հին ԴՆԹ և վերլուծել այն։ Այս մեթոդի միջոցով պարզվում է, թե որտեղից են եկել տվյալ ժողովուրդները, ինչպես են նրանք խառնվել այլ խմբերի հետ և ինչպես են ձևավորվել ժամանակակից ազգերը։ Օրինակ՝ գենետիկական հետազոտությունները ցույց են տվել մեծ միգրացիոն ալիքներ՝ ինչպես նեոլիթյան գյուղատնտեսների տարածումը, այնպես էլ բրոնզի դարի քոչվորների շարժը Եվրասիայում։
Գենետիկան օգնում է հասկանալ նաև անհատական պատմություններ՝ պարզելով հիվանդությունների տարածումը, ազգակցական կապերը կամ նույնիսկ կոնկրետ հնագույն մարդկանց արտաքին որոշ առանձնահատկությունները։ Այսօր գենետիկան լրացնում է հնագիտությունն ու պատմությունը՝ ստեղծելով ավելի ամբողջական և գիտականորեն հիմնավորված պատկեր մեր անցյալի մասին։
Թեմայի շուրջ պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը զրուցել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի աշխատակից Լևոն Եպիսկոպոսյանի հետ:










































