7-ամյա աղջիկը մնում է արյունաշաղախ մոր տաք դիակի տակ

Ծովինարի պատմությունը
1902 թ., Վան
Աշոտ Զոհրաբյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել մի պատմություն, որ լսել է իր տատիկից: Ձորակով, անանցանելի կածանով անցնելու ժամանակ նրանց վրա է հարձակվում դարանակալած թուրքերի մի խումբ, և սկսում գնդակներիտարափ տեղալ անզեն և անպաշտպան հայերի խմբի վրա: Ծովինարի մայրն աղջկան փրկելու նպատակով իր մարմնով ծածկում է աղջկան և իր վրա վերցնում գնդակի հարվածը: Ծովինարը վախից ու սարսափից ուշաթափ մնում է արյունաշաղախ մորդեռևս տաք դիակի տակ:
«Այս իրական պատմությունը ես լսել եմ իմ տատիկից, նա էլ իր տատիկից: Ծովինարն ապրում էր Վան քաղաքում: Նրանց ընտանիքը հայ երևելի հարուստ ընտանիքներից էր, հայրը բարձր պաշտոն էր զբաղեցնում քաղաքում, իսկ մայրը դաշնակարուհի էր, մեծ եղբայրը` Վահանը, ուսուցիչ էր աշխատում դպրոցում: Ծովինարն ընդամենը յոթ տարեկան էր, բայց արդեն գիտեր Հով. Թումանյանի բանաստեղծությունները, հեքիաթները: Վահանը զբաղվում էր քրոջ կրթությամբ, և խոստացել էր Ծովինարին տանել Թբիլիսի և ծանոթացնել Հով. Թումանյանի, Աղայանի և Խնկո Ապոր հետ:
Ծովինարի երջանիկ մանկությունն ընդհատվեց 1915-ի սև եղեռնի օրերին: Նրանց ընտանիքը և մյուս բոլոր հայ ընտանիքները հավաքվել էին Վան քաղաքի Այգեստան թաղամասում և ինքնապաշտպանության կռիվներ էին մղում թուրքերի դեմ: Դրանց դադարումից հետո հայ ընտանիքները խումբ-խումբ բռնում են գաղթի ճանապարհը, որը խիստ վտանգավոր էր: Ձորակով, անանցանելի կածանով անցնելու ժամանակ նրանց վրա հարձակվում է դարանակալած թուրքերի մի խումբ, և սկսում գնդակների տարափ տեղալ անզեն և անպաշտպան հայերի խմբի վրա:
Ծովինարի մայրն աղջկան փրկելու նպատակով իր մարմնով ծածկում է աղջկան և իր վրա վերցնում գնդակի հարվածը: Ծովինարը վախից ու սարսափից ուշաթափ մնում է արյունաշաղախ մոր դեռևս տաք դիակի տակ:
Թե ինչքան ժամանակ է անցնում, չի հիշում: Երբ գիտակցության է գալիս, տեսնում է, որ հայտնվել է քրդական մի ընտանիքում, մի քուրդ կին իրեն կաթ էր խմեցնում, շոյում մազերը և լալիս որբացած երեխայի համար:
Որոշ ժամանակ անց այդ քրդերը Ծովինարին վաճառում են Անդրանիկ զորավարի զինվորներին: Նրանք էլ Ծովինարին բերում են, հանձնում Գյումրիի մանկատուն:
Անցնում են տարիներ, Ծովինարը գերազանց ավարտում է դպրոցը և իր նման մանկատան մի քանի սաների հետ գալիս Երևան` նոր բացված համալսարանում սովորելու: Ընթացիկ քննաշրջանի ժամանակ նրա տոմսի առաջին հարցը լինում է «Թումանյանը և նրա ստեղծագործությունները»: Ծովինարը մի պահ տրվում է մանկական քաղցր հիշողություններին և սկսում արտասանել Հով.
Թումանյանի բանաստեղծությունները, պոեմներից հատվածներ և Վանի բարբառով սկսում հիշել հեքիաթները, լեգենդները: Երիտասարդ դասախոսը ապշած նայում է Ծովինարին, ու մեղադրում իրեն, որ այսքան ժամանակ չի նկատել աղջկան: Դասախոսը կարդում է անուն-ազգանուն և քարանում: Դա չի նկատում Ծովինարը, և արագ-արագ մի հարցից անցնում մյուսին, պատմում, արտասանում: Վերջացնելուց հետո սպասում է դասախոսի արձագանքին և… Դասախոսը նայում է ակնապիշ, գունատված, իսկ աչքերից հոսում էին արցունքները: Ծովինարը պապանձվում է, մել էլ հանկարծ շշուկով լսում իր անունը.
-Ծովինար, քույրիկս…
-Վահա՞ն…
Լացն ու ծիծաղը, կարոտն ու նրանց հոգում ծվարած ցավն ու տառապանքը գումարվում են իրար, և հորդում են տաք արցունքները»:
Աղբյուր` ArmenianGenocide100.org