23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ցավոք /վիդեո/

Henaran.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանն անդրադառնում է ՀՀ-ի տնտեսական խնդիրներին, բիզնես միջավայրին ու առկա խնդիրներին:

-Պարո՛ն Նուշիկյան, այսօր բիզնես միջավայրի համար պայմաններն ինչպիսի՞ն են, օր օրի ՓՄՁ-ների վիճակը վատանում է, քաղաքի կենտրոնում ամեն քայլափոխի կարելի է տեսնել «վաճառվում է կամ տրվում է վարձով» գրություններ։

 -Համաձայն եմ Ձեզ հետ, փակվում են, բայց դա զուտ հարկային քաղաքականությամբ չի կարելի  պայմանավորել, միգուցե ինչ-որ մասնիկ կա հարկային և մաքսային մարմինների մոտեցումների հետևանքով, բայց հիմնական պատճառը դա չի, հիմնական պատճառն աշխարհում այսօր  գլոբալ փոփոխություններ են՝ նույն եվրո-դոլար հարաբերակցությունը, դոլարը ուժեղանում է, եվրոն՝ թուլանում, ռուբլի-դոլար-եվրո հարաբերակցության հետևանքով մեր շուկան ուղղակի մրցունակ չի դառնում։

Մեծ դեր ունի նաև տրանսֆերտների նվազումը, տրանսֆերտների մեծ մասը գալիս էր, սպառողների գրպանն էր մտնում և շուկա էր տեղափոխվում, այսինքն՝ այդ գումարներից կուտակումներ տեղի չէին ունենում և առօրյա  ապրուստի խնդիր էին լուծում։ Բացի այդ, գնողունակությունն ընկել է, ապրանքի շրջանառությունն է ընկել, դրա համար չեն կարողանում աշխատել, փակվում են ստիպված։

 -Կարո՞ղ ենք արձանագրել, որ խոստացված հեռանկարները ԵՏՄ-ում՝ ներդրումներ, մի քանի միլիոնանոց շուկա և այլն, ուղղակի խոստումներ մնացին։ 

 -Ո՛չ, դա ԵՏՄ-ի հետ բացարձակ կապ չունի, ընդհանրապես ԵՏՄ մտնելով մեր հարաբերությունների մեջ ի՞նչ է փոխվել, ոչ մի բան, մի քանի թղթաբանություն նվազել է, գլոբալ առումով ոչ մի բան չի փոխվել։ 

 -Բայց մինչև անդամակցելը այդ խոստումները կային: 

 -Խոստումներ չի տրվել, ուղղակի խոսվել է հնարավորությունից, որ դա ավելի լայն հնարավորություններ է ստեղծում շուկայում ներկայացված լինելու ոչ միայն ապրանքների արտահանման, այլ նաև, ինչո՞ւ ոչ, աշխատուժի հարցում, այդ առումով հնարավորությունները  մեծանում են, ուղղակի ցավոք, ժամանակաշրջանը լավը չէ։

 – Իրանի հետ վեցնյակը միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր ստորագրեց, ըստ որի՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կհանվեն և այլն։ Այս հարցում Հայաստանի համար նոր հնարավորություններ տեսնո՞ւմ եք։

-Նույնպես լայն հնարավորության դաշտ է ստեղծվում, որից ամենակարևորը էներգետիկ ոլորտն է՝ գազ, նավթ, էլեկտրաէներգիա, մենք կարող ենք իրենց հետ բաց համագործակցել։ Վերջին հաշվով Իրանը մեր այն քիչ հարևաններից է, որ մեր նկատմամբ բարիդրացիական է տրամադրված, ուստի ինչքան մեր այս հարևանը լավ լինի, այնքան, ինչպես ասում են՝ շողքն էլ ընկնի մեր վրա՝ էլի լավ է։

 -Այսինքն՝  ավելի էժան գազ ստանալու հնարավորություն կլինի՞։

 -Ոչ մի բան չի բացառվում։

 -Իսկ հաշվի առնելով, որ ՌԴ-ն էլ մեծ էներգառեսուրս ունեցող երկիր է՝ կարո՞ղ ենք մտահոգություններ ունենալ, որ ՌԴ-ն թույլ չի տա Հայաստանին այլընտրանքային միջոցներ գտնել իր համար՝ մանավանդ, որ ունենք նախկինում այդ փորձը, երբ չթույլատրվեց Իրանից Հայաստան եկող գազատար խողովակաշարն ավելի լայն տրամագծով անցկացնել։ 

– Իրանից խողովակաշարը գազի անցկացման համար մի բան էլ ավելի է, քան մենք այսօրվա դրությամբ ի վիճակի ենք սպառելու, դա հիմնականում վերաբերում է տարանցիկ գազին։ Եթե տարանցիկ գազի հանարավորություն էլ մենք վաղը մյուս օրը ունենանք, կարելի է այդ խողովակը մի քիչ մեծացնել։

 -Բայց կթույլատրի՞ նույն Ռուսաստանը Հայաստանով դեպքի Արևմուտք գազ անցկացնել։

 -Ինչո՞ւ չպետք է թույլատրի, ինքը, իհարկե շահագրգռվածություն ունի, որ իր գազը սպառենք, բայց եթե ավելի լավ հնարավորություն լինի, ինչո՞ւ չպետք է օգտվենք։ 

 -Ի վերջո, կա պայմանագիր Ռուսաստանի հետ, ընդ որում մինչև 2043թ-ը, որ բոլոր գազատար ցանցերը ՌԴ-ն է տնօրինում։

 -Դե եթե մինչև 43թ-ը գազի գնման այլ հնարավորություն լինի, մենք կարող ենք այդ պայմանագիրը չեղյալ հայտարարել ։ Եթե ազգային շահերից չբխի, ինչո՞ւ պետք է շարունակենք։

-Պարո՛ն Նուշիկյան, ըստ հրապարակումների այսօր էլ բանակցություններ են գնում ՌԴ-ի և ՀՀ-ի կառավարությունների միջև գազի գնի հարցում։ Դուք տեղյա՞կ եք, ինչ բանակցությունների մասին է խոսքը։

 -Գազի գինը 10 000 խմ/մ ավել սպառողների համար եթե դոլարի փոխարժեքով նայենք, արդեն իսկ թանկացել է,15-20%-ով դրամն արժեզրկվել է, և խոսակցություն է գնում, որ մինչև 10 000 խմ մետր գազ սպառողների համար չբարձրանա՝ հաշվի առնելով՝ դոլարի փոխարժեքի փոփոխությունը։ Այդ առումով է բանակցություններ գնում, որ չբարձրանա, դոլարի փոխարժեքի հետ կապված և եթե մինչև դրամի արժեզրկումը 112 դրամ էր կազմում, հիմա 130 դրամ է դարձել։ Հիմա պետք է աշխատենք, որ չթանկանա, Ռուսաստանը սահմանի վրա գազի գինը 20-25 դոլարով պետք է էժանացնի, որն ամենայն հավանականությամբ կէժանացնի։ 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ