Տղերք, սեփական հայրենիքը կորցնեու ամոթը ձեզ չի խեղդդո՞ւմ․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2020-ի նոյեմբերի 25․
Մեր հողի վրա , մեր տան վրա, մեր սրտերի վրա դրվեց էս չարագուշակ դարպասը, Քարվաճառի կողմից փակվեց մեր հայրենիքի դուռը։ Սա դեպի Արցախի սիրտը տանող, դեպի Դադիվանք տանող էն սիրուն ճանապարհի վրա դրվեց, որով գնում էինք, Թարթառի ափին սուրճ էինք խմում, Դադիվանքում աղոթում էինք, հպարտ ժայռերի միջով սլանում էինք դեպի Ստեփանակերտ եւ, ոչ մեկիս մտքովն անգամ չէր անցնում չարագուշակ միտք՝ բա որ մի օր․․․։
Չկար էդ միտքը, որովհետեւ մենք տեր էինք , մենք շենացնում էինք, կառուցում էինք ճանապարհները, վերակառուցում ու վերականգնում էինք եկեղեցիները, իսկ իրիկունները թոթի օղի էինք խմում ու հուզվում էինք ,որ Արցախում ենք, որ տանն ենք, որ թշնամին ո՞ւմ շունն է։
Բայց՝ եղավ չպատկերացնելին, եղավ, որովհետեւ կարեւորում սխալվեցինք, որովհետեւ հավատացինք, որ չի գտնվի գեթ մեկ հայ, որ կատի Արցախը, որ Արցախը բեռ կհամարի, որ կմտածի ու կգործի թուրքի պես, թշնամու պես։ Այո, հենց էդ հարցում սխալվեցինք, չտեսանք, չհասկացանք, չուզեցինք հավատալ,որ օձը երկրի ներսում է տաքանում։ Ու, չարաբաստիկ մի պատերազմ բերեց, հրահրեց, բզբզաց հանուն թշնամու շահի։Մնաց երկիրը ձեռնունայն, զավակներ կորցրեց, հայր ու եղբայր կորցրեց, շունչը կորցրեց, ապրելու իմաստը։
Իսկ օձը գալարապտույտ դեռ սողոսկում է ամեն լավի, ամեն նախկինի, ամեն ավանդականի, ամեն հայկականի խորքերը ու թույնը դնելով հռհռում է։ Դեռ խելքի չենք եկել, դեռ բավարար չենք կռվում, դեռ մեր վերջին կռվին պատրաստ չենք։
Եւ հիմա իմ վախը ոչ թե օձից է, նա իր թույնը թափել է եւ անզոր է, վախը էդ օձի թույնը ճաշակած եւ մի-մի հայատյաց օձիկ դարձածներից է, որ անխելք մնացին, որ աբիժնիկ մնացին, որ օձի մեջ տեսան իրենց ու օձից ավելի օձ դառնալով վայրահաչում են եկեղեցու, արցախցու, ամեն նախկինի, հայի, մեր բոլոր ապրած 30 տարիների վրա։
Ու, քանի դեռ խելքի չենք եկել ճիշտ այսպիսի արնագույն դարպասներ են դրվելու Տիգրանաշենի կողմից, Մեղրու կողմից, Տավուշի ու Վարդենիսի կողմից եւ մի բուռ մենք մեր կես թիզ մնացած հայրենիքով մնալու ենք օձագալար շղթայի մեջ։
Խելքի գալը փողով չի լինելու, խելքի գալը մտքով է լինելու, սրտով եւ՝ տղամարդկությամբ։
Տղերք, սեփական հայրենիքը կորցնեու ամոթը ձեզ չի խեղդդո՞ւմ։
Ինձ խեղդում է»։











































