Իր այդ քայլով Նիկոլը մարտահրավեր է նետում ոչ միայն ՀՀ երեք Հախագահներին, այլև ՄԽ համանախագահ՝ ԱՄՆ-ի, ՌԴ և Ֆրանսիայի վերջին 25 տարվա բոլոր նախագահներին ու ԱԳՆ-երին
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տևական ժամանակ քաղաքական դաշտում որոշակի «անդորր» էր, ինչը շատ կասկածելի էր ու տարօրինակ, քանի որ Փաշինյանի տեսակն ու նարատիվը ճանաչող յուրաքանչյուր մարդ հասկանում էր, որ սա արհեստական «պաուզա»է, որին հաջորդելու է հերթական պորթկումը։ Այն չուշացավ․ նախօրեին Նիկոլը խոսեց Արցախի մասին՝ նախկին Նախագահներին բանավեճի հրավիրելով։
Ասեմ, որ սա հակապետական, բայց լավ մշակած օպերացիա է, որով Նիկոլը փորձում է ծուղակ սարքել և հանրությանը «ապացուցել», թե «Արցախի հարցում 1994 թվականից բոլոր բանակցությունները եղել են այն Ադրբեջանի մաս ճանաչելու շուրջ»։ Նախագահների արձագանքները մեկը մեկից խորքային էին ու կրեատիվ, եթե կարճ, ապա երեք Նախագահն էլ պարզ ասեցին, որ դավաճան ու անհայրենիք տեսակի հետ չեն բանավիճում, ազգակործան դավաճանի հետ այլ կերպ են վարվում (պատմության դասերում դրանց վառ օրինակները կան)։
Հիմա եկեք հասկանանք, թե ինչո՞ւ է Նիկոլը հենց այս փուլում դիսկուրսի դաշտ բերում նման օրակարգ՝ փայլուն իմանալով, թե ինչպիսի պատասխան է ստանալու։ Նախ, նա ի սկզբանե գիտեր, որ Նախագահները մերժելու են և չեն բանավիճելու իր նմանի հետ, երկրորդ՝ նա իր այս քայլով հանրության վրա «ծախելու» է այն թեզը, թե՝ «տեսա՞ք, չեկան բանավեճի, քանի որ ձեզ ասելու բան չունեն, ժող ջան, ձեզ խաբել են, ես ճիշտ եմ»։
Իրականում սա ծխածածկույթ է, քանի որ ենթատեքստը լրիվ այլի մասին է․ ըստ էության՝ Նիկոլն ըդամենը կատարում է Ալիևի հրամանը՝ Մինսկի խմբի լուծարման հետ կապված։ Նիկոլը իհարկե գիտի, որ ԵԱՀԿ ՄԽ-ը ստեղծվել էր Արցախի հարցի բանակցային գործըթացը կազմակերպելու նպատակով և հիմնական առաքելությունը կողմերի միջև բանակցությունների կազմակերպումն էր։ Հիմա, երբ Ալիևը բաց տեքստով ասում է, որ «Երևանը պետք է միանա մեզ, որպեսզի միասին դիմենք ԵԱՀԿ-ին՝ ՄԽ-ն լուծարվի», Նիկոլը գլխիկոր պատրաստվում է միանալ այդ գործընթացին և դրա համար հող է նախապատրաստում և թեման «խուրդում»։ Ըստ էության՝ Նիկոլը, լինելով թուրքական օրակարգի թիվ մեկ սպասարկուն, ուղղակի չի կարող չկատարել տիրոջ կարգադրությունը և հրաժարել պահանջը կատարել։
Երկրորդ կարևոր հանգրվանն այն է, որ Նիկոլը նախապատրաստվում է ընտրությունների և փորձում է նախընտրական երկպառակտության հերթական դոզան ապահովել և ընդդիմադիր դաշտը մասնատել։ Նա նախատեսում է ընտրական գործընթացի թիվ մեկ առանցքը հերթական անգամ կառուցել Արցախի շուրջ դիսկուրս ծավալելով և հանրության լայն շերտերին «ապացուցել», որ Արցախի ինքնորոշման ու անկախացման շուրջ փաստացի ոչ մի իրական գործընթաց էլ տեղի չի ունեցել․ ավելին, ըստ իր տեսության, այդ ամենն ընդամենն իմիտացիա է եղել։ Սա լավ հնարավորություն է հանրության հերթական բևեռացումը կազմակերպելու՝ Նախագահներին պառակտելու և ընտրություններին վերարտադրվելու համար։ Նա հստակ գիտեր, որ հանրության գիտակից հատվածն իր դեմ փաստերի մի ամբողջ խուրց է շպրտելու, իսկ ինքն անամոթ սրիկային բնորոշ խնդիր չունի այդ թուքումուրն ուտելու համար։
Փաստ է այն, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել է Նիկոլը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայում հայտարարում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու 86,66 հազար կիլոմետրի մասին։ Սրա մասին, ինչքան էլ Նիկոլը փորձի մանևրել, փախչել չի կարող։
Ինչ վերաբերվում է ՄԽ լուծարման փաստին, ապա Նախագահ Սարգսյանի հայտարարության մեջ հստակ ակնարկվում է, որ այդ կառույցի լուծարման համար Նիկոլը պետք է համանախագահների «դաբրոն» ստանա, այլապես այդ կառույցի մի քանի հարյուր հանդիպումները, 20-ից ավել տարի արված տասնյակ հայտարարություններն ուղղակի առ ոչինչ են դառնում։ Իր այդ քայլով Նիկոլը մարտահրավեր է նետում ոչ միայն ՀՀ երեք Հախագահներին, այլև ՄԽ համանախագահ՝ ԱՄՆ-ի, ՌԴ և Ֆրանսիայի վերջին 25 տարվա բոլոր նախագահներին ու ԱԳՆ-երին»։