11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գագիկ Գասպարյանի էկումենիկ համերգները եվրոպական տաճարներում

Արգենտինաբնակ երաժիշտ, Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը, հավատարիմ մնալով իր առաքելությանը,  տասնչորս ելույթներով մեկնելու է եվրոպական մի շարք երկրներ՝ օտարազգի հանդիսատեսին հայկական բազմադարյան մշակույթին ծանոթացնելու  նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի ֆեյսբուքյան էջը:

Գագիկ Գասպարյանը դուդուկի կատարումներով  հայկական հնագույն հոգևոր երաժշտությունը ներկայացնելու է Իսպանիայի, Հոլանդիայի, Հունաստանի, հռչակավոր տաճարներում: Ելույթ է նախատեսվում նաև Կ.Պոլսի հայաշատ Ֆերիգյուղի Ս. Վարդանանց եկեղեցում:

Երաժշտացանկում ընդգրկված են Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի, Առնո Բաբաջանյանի    ստեղծագործությունները,  հնչելու է  նաև  եվրոպական հոգևոր երաժշտություն:

Գլխավոր համերգը կայանալու է նոյեմբերի 23-ին՝ Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում: Այս առնչությամբ ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի ատենապետ Անտոնիո Սարաֆյանը Բարսելոնայում արդեն հանդիպել է Սագրադա Ֆամիլիայի ռեկտոր  Արքեպիսկոպոս Խոսե Մարիա Տուրուլի հետ՝ համերգների մեկնարկից առաջ քննարկելով կազմակերպչական և հետագա գործակցության հեռանկարային հարցեր:

Էկումենիկ համերգները երաժիշտը նվիրում է համամարդկային խաղաղությանը: Բոլոր համերգների մուտքն ազատ է:

Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվում ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի (նախագահությամբ Անտոնիո Սարաֆյանի), Իսպանիայի բարեփոխված եպիսկոպոսական եկեղեցու և կաթոլիկ ծխերի համատեղ ջանքերով:

 

Գագիկ Գասպարյանի գործունեության առանցքում օտարների շրջանում հայկական մշակույթը տարածելն է։ Այդ նպատակով նա բազմաթիվ համերգներ է ունեցել օտարազգի հանդիսատեսի համար տարբեր բեմերում՝ հանրահռչակելով հայ ժողովրդի հարուստ երաժշտարվեստը դուդուկի միջոցով։

Գագիկ Գասպարյանի դուդուկի կատարումները հնչում են նաև լատինամերիկյան, կանադական և եվրոպական մի շարք ֆիլմերում, հեռուստաեթերներով, նրա նախաձեռնությամբ արգենտինական թերթերում հոդվածներ են լույս տեսնում հայկական բազմադարյան մշակույթի մասին:

Գագիկ Գասպարյանն աշխարհի տարբեր երկրներից ունի բազմաթիվ օտարազգի ուսանողներ, որոնց առցանց դասավանդում է դուդուկ, ինչպես նաև կազմակերպում է վարպետության դասեր: 

miasin.am

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ