Հայաստանում 1000-ից ավել երեխա ունի աուտիզմ
Այսօր աուտիզմի իրազեկման միջազգային օրն է, որը ՄԱԿ-ի՝ Միացյալ ազգերի կազմակերպության, գլխավոր վեհաժողովը 2008 թվականի ապրիլի 2-ին հայտարարեց Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր` ընդգծելով աուտիզմով տառապող երեխաների և մեծահասակների կյանքի որակը բարելավելու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք վարեն լիարժեք և բովանդակալից կյանք:
Ամբողջ աշխարհում գրեթե 80 տոկոս աուտիզմ ունեցող մեծահասակներ գործազուրկ են: Սակայն նման խնդիրներ ունեցողներն օժտված են լավագույն ընդունակություններով, տրամաբանական մտածողությամբ, որն աշխատանքում ուշադրություն է պահանջում դետալներին: Չկա բավարար պրոֆեսիոնալ ուսուցում, ինչը թույլ կտա հաղթահարել խոչընդոտներն աշխատանքի ընդունվելիս:
Աուտիզմ ունեցող երեխաների թիվը մեծ է ամբողջ աշխարհում: Այս տիպի խնդիրները ընտանիքներին կանգնեցնում են զգալի տնտեսական դժվարությունների առաջ,ինչը կապված է զարգացող երկրներում առողջապահական ռեսուրսների սահմանափակումների հետ: Հայաստանում 1000-ից ավել երեխա ունի աուտիզմ, իսկ www.autismspeaks.org կայքի տվյալներով՝ աշխարհում ամեն 88-րդը, տղա երեխաների մոտ 4 անգամ ավելի հաճախ է հանդիպում:
1980-ական թթ.-ից աուտիզմը կտրուկ աճել է, ինչը հավանաբար կապված է ախտորոշման մոտեցման հետ: Սովորաբար խանգարումները նկատվում են ծնողների կողմից կյանքի առաջին երկու տարիների ընթացքում: Հայտնի չեն աուտիզմը վերջնական բուժող մեթոդներ: Քչերին է հաջողվում մինչև չափահաս դառնալը ձեռք բերել ինքնուրույնություն անձնական կյանքում, բայց նրանց մեջ էլ հաջողակներ կան: Շատերն են գտնում, որ աուտիզմը ոչ թե հիվանդություն է,այլ հատուկ ալտերնատիվ վիճակ:
Աուտիզմ ունեցող երեխաների առանձնահատկությունները
Աուտիզմի բնութագրումը շատ հարաբերական կարող է լինել ծնողի համար, քանի որ վերջինս պետք է ուժ գտնի իր մեջ, երեխային որոշակի առումով դուրս բերի իր փակված աշխարհից և պայքարի այն ախտորոշման դեմ, որ աուտիզմն անբուժելի է: Քանի որ նրանք միանգամայն առողջ են, պարզապես արտաքին աշխարհի ազդակները չեն ստանում ըստ անհրաժեշտության: Երեխան գտնվում է իր պաշտպանողական մեխանիզմի տիրույթում, որից պետք է օգնենք նրանց դուրս գալ: Կարևոր է սկսել ֆիզիկական վարժություններից, հնարավորինս կոնտակտի մեջ մտնել երեխայի հետ աչքերի միջոցով, քանի որ նրանք հաճախ չեն կենտրոնանում: Եթե դուք ունեք նման երեխա, հնարավորություն ունեք ավելի ուժեղ լինել, հոգևոր առումով աճել, և մի գուցե Տերն այդ ուժը միայն ձեր մեջ է գտել:
Արբես առողջության կենտրոնի հատուկ մանկավարժ Անահիտ Դավթյանը, ով ամբողջ օրն անցկացնում է երեխաների հետ,ծնողներին պարզապես խորհուրդ է տալիս շատ սիրել իրենց բալիկներին և հնարավորինս լինել նրանց կողքին:
4,5 տարեկան Էլենան ունի աուտիզմ: Հաճույքով նկարում է գուաշով, պարում, սիրում է սոսնձով տարբեր բաներ կպցնել թղթին, հոգատար է եղբոր նկատմամբ, անցյալ տարվա մարտ ամսից հաճախում է վերականգնողական կենտրոն: Մայրը դրական փոփոխություններ է նկատում երեխայի մոտ կենտրոնում անցկացվող պարապմունքներից հետո:
«Կարևորը համբերությամբ զինվել, կուլ չգնալ երեխաների կողմից արվող մանիպուլացիաներին,-ասում է Էլենայի մայրը,- շատ կուզենայի երեխային տանել լողի, ինչը մեծ արդյունք կտար,սակայն պետական պատվերի շրջանակներում այդ հնարավորությունը չկա»:
Այս օրը ևս մեկ անգամ աուտիզմին ուշադրություն դարձնելու հնարավորություն է տալիս գիտակցելու, որ երեխաները ժամանակին ճիշտ օգնություն ստանալու դեպքում են հետագայում կարողանում հասարակության լիարժեք անդամ դառնալ:
«ԷԽՈ» աջակցման կենտրոնի համոզմամբ և հավաստիացմամբ աուտիզմով մարդիկ ոչ թե տարօրինակ են, այլ տարբերվում են իրենց բացառիկ ընդունակություններով՝ պետք է միայն հնարավորություն տալ ինքնահաստատման:
«Իրազեկում» այլընտրանքային բլոգի լրատու