Արտակարգ իրավիճակ ոռոգման համակարգում. վտանգված են Արարատյան դաշտի գյուղացիական տնտեսությունները /վիդեո/
”Պարոն Անդրեասյանը մեզ զեկուցում է, որ արտակարգ իրավիճակ է ստեղծվել, եւ վտանգված են Արարատյան դաշտավայրի գյուղացիական տնտեսությունները”,-այսօր կառավարության նիստին ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի զեկույցից հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ոոռոգման համակարգում առաջացած սակավաջրությամբ պայմանավորված, ջրպետկոմն առաջարկում է Սեւանա լճից 2012թ. բացթողումների քանակը 170 միլիոն խմ-ի փոխարեն հասցնել 320 միլիոն խմ-ի:
Դրա իրականացման համար կառավարությունն այսօր որոշում է ընդունել “Սևանա լճի մասին” եւ “Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին” ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին փաթեթն ուղարկել ԱԺ:
Կառավարության որոշման հիմնավորման համաձայն, Ապարանի ջրամբարի լցվածությունը կազմել է 31.81 մլն մ3, որը 2011 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ պակաu է 59.32 մլն մ3-ով, իuկ Ազատի ջրամբարի լցվածությունը 13.06.2012թ. դրությամբ կազմել է 60.57 մլն մ3, որը 2011 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ պակաu է 9.51 մլն մ3-ով:
“Այն ռեսուրսները, որ մենք այս պահին ունենք, շատ արագ սպառվել են. եթե մենք ուզում ենք նորմալ ջրամատակարարում ապահովել, ստիպավծ ենք լինելու ԱԺ-ի թույլտվությունը ստանալ եւ լրացուցիչ 150 խմ ջուր վերցնել Սեւանից, որպեսզի գյուղատնտեսությունում խնդիրներ չունենանք”,-ասաց Տիգրան Սարգսյանը: Վարչապետը տեղեկացրեց, որ երեկ հանդիպել է Սևանա լճի հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի հետ: Տիգրան Սարգսյանի խոսքով, Սևանա լճի հարցերով հանձնաժողովի եւ ջրպետկոմի հաշվարկների միջեւ կան տրաբերություններ:
Վարչապետը հանձնարարեց Անդրանիկ Անդրեասյանին աշխատել հաշվարկների մեթոդաբանության շուրջ: Կառավարության նիստից հետո Անդրանիկ Անդրեասյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որը ներկայացնում ենք կից տեսանյութում: