«Աստծո երակներով հոսող լույսը»
«Ինձ համար բանաստեղծությունը, եթե պատկերավոր ասեմ` Աստծո երակներով հոսող լույսն է»,-մեզ հետ զրույցում ասաց բանաստեղծ, ռեժիսոր Ռազմիկ Գրիգորյանը:
Ինքնատիպ, երբեմն անգամ գաղտնազերծումներով լի աշխարհի բնակիչը ունի իր ասելիքը ու այն կյանք ու արյուն է ստանում միայն Ռազմիկին հատուկ մտածողության շնորհիվ:
Ռազմիկ Գրիգորյանի պոեզիան կարդալիս զգում ես նոր թխած լավաշի բույրը ու հատում Մարդ լինելու արվեստից Աստվածային տանող սահմանագիծը:
ԼԱՎԱՇ
Թոնրատանը լողացող ծխում
մորս ու տատիս միջև
ծաղկում է հացի երաժշտությունը…
* * *
Երբ ցոլքս սրտոմդ քարտեզագրի տարածությունս
շնչառությանդ հետ կշոշափես սահմաններս,
շուրթերիդ միջև լողացող անունս կմարսես
մինչ այդ քեզ անծանոթ հաճելի ցավով…
Հեշտ չէ հյուրընկալվել Աստծուն
այն էլ երկուսով միաժամանակ…