Որքանո՞վ է ձեռնտու անցնել մեկ միասնական արժույթի. Թաթուլ Մանասերյան

Հայաստանը 2015 թվականի հունվարից հանդիսանում է ԵՏՄ անդամ: Անդամակցությունից անցել է շուրջ երեք ամիս, սակայն շատ ու շատ դեպքերում հստակ չէ, թե կոնկրետ որ ոլորտներում ենք մենք համագործակցում ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Արամ Սաֆարյանը փաստեց, որ ուսումնասիրելով ԵՏՄ-ում առկա գործընթացները` ինքը եկել է այն եզրահանգման, որ կա մի ոլորտ, որտեղ ԵՏՄ անդամ չորս երկրները կարող են սերտորեն համագործակցել: «Մենք՝ «Եվրասիական փորձագիտական ակումբի» անդամներս, ուսումնասիրելով ԵՏՄ համագործակցության տարբեր ոլորտները, կարծում ենք, որ ամեն տարի՝ սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին, Հայաստանում պետք է անցկացվի «Երևանյան Եվրասիական ընթերցումներ» համաժողովը, որտեղ ներկա կլինեն մտավորականներ, լրագրողներ, գիտնականներ և կքննարկեն ԵՏՄ ինտեգրման հարցերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Արամ Սաֆարյանը:
Արամ Սաֆարյանը փաստում է, որ առանց մարդկային կապերն ամրապնդելու, հայացքը սևեռել միայն տնտեսական ինտեգրմանը, ինչը ևս շատ կարևոր է, հնարավոր չէ լիարժեք ինտեգրում:
Նորավանք հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը ևս առաջարկում է ուշադրություն դարձնել մարդկային կապիտալի վրա, ինչի արժեքը մեր օրերում, կարծես թե նվազել է. «Աշխարհակարգը փոփոխվում է, անցում ենք կատարում բազմակենտրոն համակարգի: Հենց այս համակարգում շատ կարևոր են մտավորականության, մշակութային կապիտալի ներդրումները: Բավական է միայն նշել, որ մեր գիտաշխատողների թիվը նվազել է հինգ-վեց անգամ: Սա արդեն վկայում է այն մասին, որ մտավոր ներուժի կարևորությունը պակասեցվում է»,- նշեց Գագիկ Հարությունյանը:
Անդրադառնալով խոսակցություններին, որով առաջարկվում է ԵՏՄ տարածքում ստեղծել միասնական տարադրամի արժույթ Թաթուլ Մանասերյանը նշեց. «Այս պարագայում արդեն ցանկացած կողմ համապատասխան հետազոտություններ կիրականացնի` հասկանալու համար, թե որքանո՞վ է ձեռնտու անցնել մեկ միասնական արժույթի»: