Զորավոր աղոթք-Փնտրիր կորածիս

ԶՈՐԱՎՈՐ ԱՂՈԹՔ – ՓՆՏՐԻՐ ԿՈՐԱԾԻՍ – ՍՈՒՐԲ ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ
Փնտրիր կորածիս, ձեռք մեկնիր գլորվածիս,
առաջնորդիր մոլորվածիս, խավարից դեպի
լույս հանի՛ր ինձ և ազատություն շնորհիր
հոգուս: Հաստատիր Քո սիրո մեջ և
բևեռիր Քո երկյուղին: Մաքրիր հոգուս
տաճարը և օթևանի՛ր ինձ մոտ: Փակիր
մեղքերիս դուռը և շուրջբոլորս պարսպապատիր
իմ ոսոխից, փրկիր չար ու անիրավ
մարդուց, առաքինության գործերով
զարդարիր և պարգևիր Քո անճառ երանությունը:
Ողորմիր մեզ` ողջերիս, և պայծառացնելով
լուսավորիր մեր ննջեցյալների հոգիները:
Քեզ մոտ բարեխոս ունենք առաքյալներին,
մարգարեներին և բոլոր սուրբ մարտիրոսներին,
հայրապետներին ու վարդապետներին:
Լսիր նրանց աղաչանքները և ազատիր ինձ իմ
մեղքերից, տնկիր իմ մեջ շնորհների ոգին և
հորդորիր բարին գործել: Բռնադատիր
ինձ ծուլանալիս, խափանիր չար գործերս և
իմ մեջ սերմանիր բարիքների պտուղը:
Քաջալերիր ինձ նեղության մեջ,
մխիթարիր վշտի պահին, արժանի դարձրու,
Տեր իմ և Աստված իմ Հիսուս Քրիստոս,
խաչակից լինել Քեզ մինչ ի մահ,
որպեսզի հրաժարվեմ այս աշխարհի
հեշտություններից, դասակից լինեմ
երանելիներին, հաղորդ լինեմ
ավազակին և անմահ կյանքը վայելեմ դրախտում:
Վախճանիս օրը բարի հրեշտակ
առաքիր ինձ մոտ որպեսզի քաղցրությամբ
ավանդեմ հոգիս: Առաջնորդիր իմ հոգին
ընթանալու սրբերի ուղիղ ճանապարհով, և
կործանիր դարանակալ գազանին:
Անխռով անցկացրու խավարային օդի
միջով և ազատի՛ր գազանի չար ժանիքներից:
Փրկիր, աներկյուղ պահիր և բնակեցրու սրբերի
կայանում, սպասեմ և ակնկալեմ Քո Գալուստը:
Եnμ Դու գաս երկնքից ահեղ փառքով ու
հրեշտակների անթիվ դասերով, ողջ տարերքը,
երկնայինները և երկրայինները զարհուրելով
կդողան, Քո զորությանը նայելով` կսարսեն անմահ
Թագավորիդ, անճառ Դատաստանիդ և աններելի
պատուհասիդ ահեղ փառքից: Այն օրը ինձ էլ
ընդունիր, Տեր, Քո արդարների և կատարյալների
հետ, կարգիր աջակողմյան դասում, պսակիր
Քո սրբերի հետ, շնորհիր հավիտենական կյանքը և
պարգևիր Քո անճառ բարիքները: Եվ փառք Քեզ`
Արարողիդ և ինձ բարիքներ Պարգևողիդ: