23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Հաշվի առնելով, որ Նիկոլը լայնածավալ հարձակում է իրականացնում մեր ինքնության դեմ, եկեղեցին ունի և իրացնում է իր իրավունքը պաշտպանել այն»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից պատասխանել օգտատերերի 5 հարցերի:

Սիրարփի Հակոբյան. «Վեց տարի առաջ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և իշխանության եկավ Նիկոլը։ Չե՞ք փոշմանել, որ ձեր քաղաքական թիմը իշխանությունը հանձնեց Փաշինյանին»:

-Մինչև բուն հարցին պատասխանելը, ընդգծեմ, որ Ձեր ձևակերպման մեջ երկու փաստական սխալ կար։ Նախ,մեր թիմը իշխանությունը չի հանձնել, այլ իշխանազավթման իրական տերերը ժողովրդի միջոցով իշխանությունը մեզանից վերցրեցին։ Եվ երկրորդը, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումների արանքում մոտ երկու շաբաթ կառավարության ղեկավար է եղել Կարեն Կարապետյանը։ Ինչ վերաբերում է փոշմանելուն, ապա նման ձևակերպումները ոչ մի վիրավորական հետևանք չունեն։ Ես էլ կարող եմ ավելի մեծ հիմքով ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականը տոնող հարյուր հազարավոր իմ հայրենակիցներին հարցնել. չե՞ք փոշմանել…
Իսկ ես անձամբ ափսոսում եմ։ Ափսոսում եմ, որ ավելի հասանելի և հասկանալի չէի ժողովրդի համար, որ ավելի կոշտ ու կտրուկ չէի հայ ժողովրդի տունը քանդողների նկատմամբ, որ ավելի բծախնդիր չէի քաղաքական և անձնական շրջապատների հանդեպ, որ ավելի էֆեկտիվ և արդյունավետ չէի որպես քաղաքական գործիչ և ղեկավար։ Բայց եկեք իմ փսիխոանալիզներով հիմա չզբաղվենք։ Ավելի կարևոր է չմոռանալ 2018֊ի սխալները, չկրկնել դրանք հիմա, և, ավելի կարևոր է, ուղղենք այդ սխալները։ Ի դեպ, հիշու՞մ եք, Սերժ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր թողարկել, որ այդպես էլ հայ հասարակությունը չդիտեց։ Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ, որովհետև վստահ եմ, որ հիշողության թարմացումը կարևոր էներգիա կտա բոլորիս` վերացնելու 2018֊ի կործանարար արդյունքը։

Նաիրա Մարտիրոսյան. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը պայքարում է ժողովրդի կողքին, ի՞նչ եք կարծում, ժամանակը չէ, որ եկեղեցին կոշտ հայտարարությամբ հանդես գա»:

-Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ որ պետք է լինի` իր ժողովրդի կողքին։ Նրա ակտիվությունն էլ , ի հեճուկս փաշինյանական ոհմակի վայրահաչոցների, շատ բնական է և հիմնավոր։ Չէ՞ որ Հայ Առաքելական եկեղեցին լոկ կրոնական կազմակերպություն չէ, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման կարևորագույն կառույցներից մեկը, որի բացառիկ առաքելությունը այս հարցում ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ։ Հաշվի առնելով, որ Նիկոլը լայնածավալ հարձակում է իրականացնում մեր ինքնության դեմ, եկեղեցին ունի և իրացնում է իր իրավունքը պաշտպանել այն։ Իշխանական հիստերիայի հիմքում նաև այլ շարժառիթ կա. այս 6 տարիների ընթացքում Փաշինյանին հաջողվել է կազմաքանդել գրեթե բոլոր պետական և ազգային կառույցները, բացի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուց, որի վարկանիշը շատ ավելի բարձր է, քան փաշինյանական կցորդների վերածված իշխանությունների 3 ճյուղերը միասին վերցրած։ Սակայն համաժողովրդական պայքարի ամբողջ բեռը թողնել եկեղեցու վրա նույնպես չի կարելի, և հասարակության տարբեր հատվածներ, ներառյալ`քաղաքական շրջանակները, պետք է իրենց բաժին ծանրությունը կրեն սեփական ուսերի վրա։ Անշնորհակալ գործ է Եկեղեցուն իր առաքելության մեջ հրապարակավ խորհուրդներ տալը, իրենք գիտեն հայ ժողովրդի ակնկալիքները, հույսերը, հույզերը, և դրանք արդարացնելու համար կշարունակեն իրենց ազգային և հոգևոր ծառայությունները։ Առիթից օգտվելով` կոչ եմ անում բոլոր ավանդական հոգևոր֊կրոնական կառույցներին անմասն չմնալ Հայաստանի համար այս ճակատագրական պայքարից։

Սամվել Նահապետյան. «Մհեր Գրիգորյանը հանդիպել է այսօր ԱՄՆ դեսպանին, չե՞ք կարծում, որ այս պրոցեսներն ուղիղ կապ ունեն էս հանդիպումների հետ»:

-Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների դետալները ընդգծում են ընդհանուր պատվեր։ Ոչ ԱՄՆ֊ն, ոչ ԵՄ֊ն հայ ժողովրդի թշնամիները չեն, բայց ստեղծված իրավիճակում` փորձում են մաքսիմալ կապիտալիզացնել իրադարձությունները` հօգուտ սեփական շահերի։ Վերջիվերջո, թե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող վերջին արգումենտը այն է, որ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզանից ի՞նչ եք ուզում։ Անշուշտ, այդ փաստարկը ազնիվ չէ, գոտկատեղից ներքև հարված է հիշեցնում։ Նախ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ ունեն իրենց թողած մատնահետքերը։ Եվ երկրորդը, հայ ժողովրդի իրական բարեկամները այդպես չպիտի վարվեն։ Բոլորն են տեսնում, որ Նիկոլը գեոպոլիտիկ առումով անմեղսունակ է, և Հայաստանը տանում է ինքնասպանության։ Ոնց որ Կիևյան կամուրջի մոտ ձորը նետվող մարդ տեսնեք, և փոխանակ ոստիկանություն շտապ կանչեք կամ համոզենք, որ չթռնի, մեկը լայվ մտնի դիտումների խաթր ինքնասպանությունը ուղիղ եթերում հեռարձակելու , մյուսը` քաջալերի «ճիշտ ես անում, ախպեր» ոճի մեջ, մյուսը գտնի նետվողի հարևաններին և հետները քննարկի նրա հողամասի ճակատագիրը։ Սրտացավ մարդիկ այդպես չեն վարվի։ Նույնը, Հայաստանի ներկա իրավիճակին է վերաբերվում։

Նարեկ Ղամբարյան. «Պուտինը և Ալիևը շատ ջերմ հանդիպում են ունեցել ։ Պեսկովն ասում է, որ Ադրբեջանը իրենց դաշնակիցն ու բարեկամն է։ Մենք միայնա՞կ ենք մնացել»:

-Ակնհայտ է, որ ռուս֊ադրբեջանական ջերմացած հարաբերությունները Փաշինյանի գեոպոլիտիկ ավանտյուրայի համար ոչ թե պատճառ են, այլ առիթ, պատրվակ։ Ավելին, Նիկոլի նման քաղաքականությունը էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ, իսկ Մոսկվայի որոշ շրջանակների համար` «արդարացումներ» է ստեղծում։ Հիշեք նաև, որ Մոսկվայում կտրուկ ակտիվացել են ադրբեջանական լոբբիստները, իսկ հայկական ներուժը թուլացած է և ջլատված։ Ավելին, Նիկոլը Հայաստանի դեմ է տրամադրում նաև հայ ժողովրդի երբեմնի բարեկամներին քաղաքական և հասարակական շրջանակներից (նույն Վլադիմիր Սոլովյովի դեպքը)։ Մի ակնկալեք Ռուսաստանից նուրբ խաղ այս ուղղությամբ։ Ռուսական դիվանագիտությունը հմտացել է «լավ է լինել հմուտ դարբին,քան ոսկերիչ» գործելաոճում։ Նույն խորհրդարանական մակարդակում Ռուսաստանի երկու պալատների ղեկավարությունը մեկ լկստվացնում էր Ալեն Սիմոնյանին, մեկ էլ հիմա վրդովվում է նրա խոսույթից։ Պաշտոնական Մոսկվան նաև սիմվոլիզմ է սիրում և մայիսյան միջոցառումները Մոսկվայում դիտելու է որպես վերջնական դիագնոստիկ թեստ Նիկոլի համար։ Արդյո՞ք նա կմասնակցի մայիսի 7֊ին Վ. Պուտինի երդմնակալությանը և մայիսի 9֊ին Հաղթանակի զորահանդեսին. այս հարցերը իրենց համար շատ ավելի սկզբունքային են և կարևոր, քան ԵԱՏՄ գագաթնաժողովը Մոսկվայում։ Ելնելով հենց Հայաստանի շահերից` պետք է կասեցնել հայ֊ռուսական հարաբերությունների քայքայումը և վերանորոգել դրանք։ Ինձ համար ակնհայտ է, որ Նիկոլը դա անել չի ուզում և չի կարող, և ռուսական`«Вернись, я всё прощу» ոճի առաջարկը չի աշխատելու։ Կարեն Մանվելյան(Տավուշ). «Արմեն ջան, մեր տները հանձնում են թուրքին, մենք քանի օր է փողոց ենք փակել, չենք հանձնվում, ո՞նց պայքարենք, ի՞նչ անենք»: -Նախ, ուզում եմ իմ լիակատար համերաշխությունն ու սատարումը հայտնել հայրենազրկման դեմ պայքարող տավուշցիներին։ Ինչպես ասել եմ իմ գործով խայտառակ դատական նիստերից մեկի ժամանակ` եթե ազատության մեջ լինեի, կլինեի Տավուշում։ Սակայն այս պայքարում միայն Տավուշի պայքարը չէ, և ամբողջ հայ ժողովուրդը պետք է իր վճռական խոսքն ասի և ճակատագրական քայլն անի` կանխելու մեր պետության փլուզումը։ Կեղծ սահմանազատման և Ադրբեջանին մեր տարածքները հանձնելու դավադիր ծրագիրը ներառում է նաև սահմանամերձ մյուս մարզերը, քաղաքներն ու գյուղերը։ Բացի դրանից, այն, ինչ կատարվում է, հետևանք է։ Պատճառը Փաշինյանն է։ Եվ մինչ տավուշցիները պայքարում են հետևանքների դեմ, մենք բոլորս պիտի պայքարենք պատճառի դեմ։ Միայն այս դեպքում է հնարավոր առողջացման և կայունացման շանս ունենալ։ «Ադրբեջանցին կգա, առևտուր կանեք» ստորացուցիչ թեզը չի աշխատել և չի աշխատում ոչ մի երկրում, որտեղ սեփական շահերը այլ հարթություններում են դիտվում։ Նույն Brexit֊ի հետևանքով անգլիացիք ավելի դժվար են առևտուր անում ԵՄ֊ի հետ , սակայն դա չի խանգարում Մեծ Բրիտանիային իրացնել սեփական քաղաքականությունը։ Եթե նման հարցերը միայն առևտրով լուծվեին,ապա նույն ԵՄ֊ի ներսում նման խնդիրներ չէին լինի (Ֆլանդրիա, Կիպրոս, Բասերի երկիր,Կատալոնիա և այլն)։ Իրոք, թամաշա անելու ժամանակը չէ։ Նիկոլը չունի այդքան բերետ, ոստիկան, քննիչ և դատախազ, Հայաստանում այդքան բանտ և խուց չկա, որ բոլորին նստեցնեն։ Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ։

aravot.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ