27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպը հրապարակել է Հայաստանի մասին զեկույցը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի մասին արժանահավատ տեղեկություններ են ստացել, երկրում շարունակվել են կամայական ձերբակալություններն ու կալանքները, լրջագույն խնդիրներ կան դատական իշխանության անկախության հետ կապված։

Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ Փաշինյանի կառավարությունը սահմանափակ քայլեր է ձեռնարկել նախկին և գործող պետական պաշտոնյաների, ինչպես նաև իրավապահների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները հետաքննելու և պատժելու համար:

Անպատիժ ոստիկան

ԱՄՆ Պետդեպարտամենտը նշում է, որ Հայաստանում իրավապահների չարաշահումների հին ու նոր դեպքերի անպատժելիությունը շարունակվում է, ենթադրյալ հանցագործները շարունակում են պաշտոնավարել և նույնիսկ առաջխաղացում ստանալ:

Իրավապաշտպաններն այս համատեքստում հիշեցնում են ամիսներ առաջ ԱԺ-ում ընդունված Քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնք թույլ են տալիս հանցագործին ազատվել քրեական պատասխանատվությունից, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում, եթե առաջին անգամ են հանցանք կատարում, զղջում են։

Պետդեպը շեշտում է, որ Հայաստանի նախագահն օրինագիծը ստորագրեց՝ անտեսելով քաղհասարակության բողոքները, որը պնդում էր, որ փոփոխությունը հակասում է Սահմանադրությանը, նպաստում անպատժելիության խորացմանը և կարող է քաղաքական գործիք դառնալ իշխանության ձեռքում:

Ոստիկանության կողմից չարաշահումների մասին հաղորդումների աճ, այդ թվում՝ ոստիկանական բաժանմունքներում․ Պետդեպարտամենտն աննախադեպ է որակում հատկապես փաստաբանների նկատմամբ ոստիկանական բռնությունը, հավելում, որ լրացուցիչ այլ դեպքեր, այդ թվում՝ թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում գիշերային ակումբի այցելուներին ծեծի ենթարկելը, վկայում են ոստիկանության անպատժելիության աճի միտման մասին:

Զեկույցում տեղ է գտել նաև անչափահասի նկատմամբ բարձրաստիճան ոստիկանի կողմից ֆիզիկական բռնություն կիրառելու աղմկահարույց միջադեպը, ոստիկանական բաժանմունքներում ծեծի այլ դեպքեր:

Փաստելով, որ հայաստանյան օրենքներն արգելում են կամայական ձերբակալությունն ու կալանքը, այդուհանդերձ, զեկույցի հեղինակներն ընդգծում են՝ կամայական, ընտրովի ձերբակալությունները շարունակվել են։

Փաստաթղթում ներկայացված է պաշտոնական վիճակագրությունը՝ 2022 թվականին դատարանները բավարարվել են գրավի դիմաց ազատ արձակելու պահանջների միայն 25 տոկոսը, մինչդեռ Կառավարության պահանջած կալանքի դիմումների 70 տոկոսի դեպքում դատարանները դրական են արձագանքել։

Դատական համակարգը չի համարվում անկախ կամ անաչառ

Չեն վերացել դժգոհությունները դատավորների գործունեության հետ կապված, զեկույցը շեշտում է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները կիրառվել են ընտրովի, թափանցիկության պակաս կա այդ հարցով Արդարադատության նախարարության որոշումների կայացման գործընթացում։

«Չնայած օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, դատական համակարգը չի դիտվում որպես անկախ կամ անաչառ՝ կոռուպցիայի և քաղաքական ազդեցության, բարեփոխումներին դիմադրության և աղմկահարույց սկանդալների պատճառով: Չհաստատված տեղեկություններ կային դատավորների վրա ազդելու՝ Կառավարության և նախկին ռեժիմի ներկայացուցիչների փորձերի մասին», – ասված է զեկույցում։

Պետդեպի հրապարակած փաստաթղթում տեղ են գտել նաևՀՀ կառավարության կոռուպցիան հետաքննած լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը։ Ժողովրդավարական խոստումներով իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ի պատասխան բացահայտումների դատարանի միջոցով լրագրողից հերքում և միլիոն դրամի բարոյական վնասի փոխհատուցում է պահանջել։ Լրագրողական կազմակերպությունները շեշտում են, որ ըստ էության խուսափելով իր ճշմարտացիությունը ապացուցել դատարանում՝ իշխանությունը դատարանի օգնությամբ պատժիչ գործողության է դիմել՝ հասնելով լրագրողի հաշիվների սառեցմանը:

Իշխող ուժն իր քննադատներին նաև Աժ-ում է պատժել

Զեկույցի հեղինակներն ակնարկում են, որ իշխող ուժն անցանկալի ձայներին պատժում է նաև խորհրդարանում՝ անցած տարվա հուլիսին պաշտոնանկ անելով օրենսդիր մարմնի հանձնաժողովների վերջին ընդդիմադիր նախագահին՝ Թագուհի Թովմասյանին, բացակայությունների պատճառաբանությամբ:

Իրավապաշտպանները հիշեցնում են, որ ավելի վաղ հանձնաժողովների մյուս ընդդիմադիր նախագահները և խորհրդարանի փոխնախագահը ևս պաշտոնանկ են արվել տարատեսակ պատճառաբանություններով։

Ըստ քաղաքացիական հասարակության որոշ խմբերի՝ կոռուպցիայի դեմ պայքարը լճացել է շահերի բախման, տեղեկատվության ազատության հետ կապված խնդիրների և կոռուպցիոն գործերով սակավ դատավճիռների պատճառով: Խնդրահարույց է պետական գնումների համակարգը, այդ թվում՝ մեկ անձից գնումների համատարած պրակտիկան, ինչպես նաև գնումների պայմանագրեր ստացող ընկերությունների և բարձրաստիճան պետական պաշտոնյաների միջև կապերը:

Բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում

Փաստաթղթում ծավալուն անդրադարձ կա բանակում արձանագրվող մահվան դեպքերին՝ մասնավորապես ոչ մարտական պայմաններում, որոնց մի մասը, ինչպես շեշտում են զեկույցի հեղինակները, հաճախ ինքնասպանություն է որակվում, և «իրավապահ մարմիններն այդ մահերը արժանահավատ կերպով չեն հետաքննում»:

«Իրավապաշտպանների կարծիքով՝ զինվորականների մահվան դեպքերի հետաքննության ամենամեծ խոչընդոտը եղել է հիմնական ապացույցների ոչնչացումը կամ չպահպանումը ինչպես զինվորական հրամանատարության (ներքին հետաքննության դեպքերում), այնպես էլ գործով աշխատող կոնկրետ քննչական մարմնի կողմից», – ասվում է զեկույցում:

Աղբյուրն՝ Ազատություն

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ