Ականատես. «Թուրքերը շուկայում հայերեն գրքերն օգտագործում էին պանիր փաթեթավորելու համար»
Թուրք լրագրող, սյնակագիր Սերդար Քորուջուն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժամանակ հայկական մշակութային արժեքների ոչնչացմանը, գրում է Ermenihaber.am-ը: «Ակոս» թերթում հրապարակված «1915-ին հայկական գրքերի մեջ պանիր էին փաթաթում» վերտառությամբ հոդվածում Քորուջուն, անդրադառնալով Ստամբուլում դասական արվեստի ցուցադրության բացման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթին, գրել է.
«Էրդողանը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության կողմից Սիրիայում և Իրաքում իսլամական մշակութային ժառանգության մաս համարվող գրքերի ոչնչացումը «ցեղասպանություն», «մշակութային ջարդ» բառերով է բնութագրել: Էրդողանը հիշեցրել է նաև 15-րդ դարում Իսպանիայում մահմեդական ժառանգության ոչնչացման մասին. Բայց չի անդրադարձել այս հողերում իրականացված մշակութային ցեղասպանությանը»:
Քորուջուն հայկական մշակույթի ոչնչացման մասին պատմական ակնարկ է ներկայացնում՝ նշելով, որ առաջին մեծ հարվածը հասցվել է 12-րդ դարում: «Ըստ Սյունիքի թեմի առաջնորդ և պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ 1170 թվականին սելջուկները գրավել են Բաղաբերդ ամրոցը և հրի մատնել Տաթևի և շրջակա այլ վանական համալիրներում գտնվող ավելի քան 10.000 ձեռագիր մատյան: Ըստ պատմիչ Կիրակոս Գանձակեցու՝ 1242 թվականին ոչնչացվել է Կարինի (ներկայիս Էրզրում) գրադարանը: Իսկ 1298 թվականին այդ գործը շարունակել են մամլուքները՝ Կիլիկիայի մայրաքաղաք Սիսում ոչնչացնելով պետական գանձարանը»,- գրում է Քորուջուն՝ ընդգծելով, որ հայկական ձեռագիր մատյանների ոչնչացման ամենամեծ ալիքը Հայոց ցեղասպանության տարիներին է եղել:
Արևմտյան Հայաստանի մշակութային կենտրոնների վերացման ընթացքում հազարավոր գրքեր ոչնչացվել են: Օրինակ` Վանի Կտուց վանական համալիրի մատյաններից հնարավոր է եղել փրկել միայն 500 ձեռագիր մատյան:
Քորուջուն հոդվածում ցեղասպանության մշակութային մասշտաբները ներկայացնելու համար մեջբերել է նաև արաբ ականատես Ֆայեզ Էլ Հուսեյինի վկայությունները: Վերջինս հայտնել է, որ հայերի կոտորածներից հետո թուրքական կառավարությունը ստեղծել էր հատուկ հանձնաժողով, որը զբաղվում էր դատարկված գյուղերի ունեցվածքի վաճառքով:Հայկական մշակութային արժեք ներկայացնող իրերը վաճառվում էին չնչին գներով: Թուրքերը շուկայում հայերեն դասագրքերը օգտագործում էին պանիր, խուրմա կամ արևածաղիկ փաթեթավորելու համար:
«Չնայած «ցեղասպանություն» եզրը կիրառման մեջ դրած Ռաֆայել Լեմկինն այդ բառով բնորոշել է ոչ միայն մեկ ազգի կամ էթնիկ խմբի ոչնչացումը, այլ նաև տվյալ խմբին պատկանող մշակութային ու ազգային արժեքների ոչնչացումը, այնուամենայնիվ ՄԱԿ-ի 1948 թվականի ցեղասպանության մասին կոնվենցիայի մեջ «ազգային-մշակութային ցեղասպանություն» եզրույթը տեղ չի գտել»,- եզրափակել է Քորուջուն: