Ինչ է կատարվում ՀՀԿ-ի ներսում

«Եթե միակուսակցական համակարգ չլինի, ՀՀԿ-ը ստիպված կլինի իրական աշխատել, պայմանավորվել, կոալիցիայի մեջ մտնել, այս ամենը բարդ է, ավելի հեշտ է քանդել այն, ինչ պետք է քանդես»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշեց, որ ՀՀԿ-ը ևս դա հասկանում է: «Նորմալ քաղաքական կուսակցություն ունենալու համար պետք է գրպանի վրա չկառուցել այն, որ մի օրում փլուզվի»:
Քաղաքագետի խոսքով՝ այստեղ կարևոր դերակատարություն ունի հասարակությունը, միայն հասարակական աջակցման դեպքում կուսակցությունը կլինի լուրջ ու կկայանա: «Բայց քաղաքական դժգոհությունն ու սոցիալական դժգոհությունը տարբեր բաներ են: Իհարկե, Հայաստանում կա մեծ սոցիալական դժգոհություն, բայց որպեսզի այն վերածվի քաղաքականի, նրան պետք է տալ քաղաքական երանգ: Պահանջը կա, առաջարկ չկա»:
Հարցին, թե հնարավոր համարում է, որ որոշ ժամանակ անց ՀՀԿ-ի ներսում անհամաձայնություններ լինեն՝ հաշվի առնելով, որ նրանց դեմ պայքարող ընդդիմություն չկա, Իսկանդարյանը պատասխանեց. «Հավանական համարում եմ: Բնականաբար, այն կուսակցությունը, որը իշխանություն է, նրա մեջ առանձին խնդիրներ են առաջանում միշտ: Նույնն է նաև ՀՀԿ-ի դեպքում: Դա կուսակցություն չէ, այլ այնտեղ հավաքվում են մարկանց խմբեր, ովքեր միմյանց մեծ բաժանում են իշխանությունը: Այնտեղ տարբեր հետաքրքրություններ կան, ու այնտեղ մշտապես պայքար է ընթանում: Բայց չի նշանակում, որ հակասությունները հիմա կլինեն, կարող են շատ ավելի հետո լինել»: