Ցանկացած ձախողման մեջ պետք է քո մեղքը գտնես. Շարմազանովը՝ Օսկանյանին

«Մեկ օրում ինստիտուցիոնալ ընդդիմություն չեն դառնում, և երկար ճանապարհ է, կապրենք կտեսնենք: Պարզապես պետք է ճշտենք, որ ԲՀԿ-ը մի կուսակցություն էր իր նախկին առաջնորդով, նախկին գործիչներով, ովքեր արդեն լքել են այդ կուսկացությունը, և այլ կուսակցություն է նոր նախագահով, նոր գործիչներով, նոր ասելիքով, կապրենք, կտեսնենք»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ԲՀԿ-ի այսօրվա համագումարի և ընդդիմադիր դառնալու մասին:
Արձագանքելով ԲՀԿ նախկին անդամ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին, ով ասել է, որ գնում են միակուսակցական համակարգի՝ Շարմազամովն արձագանքեց. «Չեմ կարծում: Ամենահեշտ գործը քո ձախողումների մեջ դիմացինին մեղադրելն է: Ցանկացած ոլորտում երբ դու ձախողվում ես ու սկսում ես մեղավորներ գտնել, ցանկացած ձախողման մեջ պետք է քո մեղքը գտնես»:
ԱԺ փոխնախագահը նաև հարցնում է. «Հնարավո՞ր է 24 ժամվա մեջ լուրջ, կայացած, գաղափարական կուսակցությունը 180 աստիճանով իր դիրքորոշումը փոխի, ի՞նչի են մեզ մեղադրում, մենք այսօր էլ հայտարարում ենք, որ մենք Հայաստնում ազատ, բաց մրցակցության կողմնակից ենք, հրապարակային, քաղաքական պայքարի կողմնակից ենք, մենք գտնում ենք, որ այստեղ քաղաքական պրոցեսները պետք է գնան բացառապես քաղաքական հունով, և պատրաստ ենք ցանկացած ընդդիմադիր կուսակցության ու գործիչների հետ նստել ու դեբատների միջոցով ճշտել՝ ով է ճիշտ, ով է սխալ:
Շատ դեպքերում քաղաքականության մեջ ձախողված գործիչների հայտարարությունները նախևառաջ յուրաքանչյուրն իր մեջ պետք է տեսնի իր բացթողումը, իր թերությունը, շատ հեշտ է ամեն ինչում մեղադրել ՀՀԿ-ին»: