23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Շատերն են հիշում

Վերջերս Փաշինյանի մամուլի ասուլիսներն ու հարցազրույցները, ինչպես նաեւ ԱԺ-ում ելույթները աշխատում եմ բաց չթողնել, որ հասկանամ` ինչ նոր աղետ է սպասվում նրա արկածախնդիր եւ ապաշնորհ դիվանագիտությունից: Դատարկախոսություններ, ներքաղաքական դաշտի պիտակավորում, մեղավորների նշանակում՝ առանց որեւէ իրավական հիմքի եւ իրական մեղավորներին պատժելու քաղաքական կամքի. փաստորեն տարիներ առաջ մեկնարկած «որսը» ավարտվում է բանակի 5-րդ շարասյան դատարկ մատնանշմամբ:

Նա առիթը բաց չի թողնում տարբեր քաղաքական «մեսիջներ» թողնելու համար։ Վերջին հարց ու պատասխանի ժամանակ քաղաքացիների հետ, հակադարձելով այն պնդմանը, թե Ռուսաստանը պատժում է ներկայիս իշխանություններին, նա հռետորական հարց բարձրացրեց` 2016-ին ում էին պատժում կամ 13-14-15 թվականներին: Այս սլաքները տանում են դեպի Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի միջեւ ծագած խնդիրները: Այդտեղ կա ճշմարտություն, քանի որ Սերժ Սարգսյանի օրերի միջազգային դրությունը, Բաքվի նավթային քաղաքականությունը, ինչպես նաեւ Սարգսյանի արտաքին քաղաքական որոշ նպատակներն ու շեշտադրումները խզվածք էին առաջացնում Ռուսաստանի հետ հարաբերություններում:
Լեռնային Ղարաբաղի խնդիրն առանցքային էր։ Թեեւ Սերժ Սարգսյանն ուներ փոխզիջումների պատրաստակամություն, երկրի ներսում Հանրապետական կուսակցությունը թմբկահարում էր ոչմիթիզական ավանդական թեզը, որն ուներ ջատագովների մեծ բանակ:

Խնդիրներն ավելի բացահայտ էին ապրիլյան պատերազմից սկսած։ Սերժ Սարգսյանը Կիսելյովի հետ հարցազրույցում պնդում էր, թե հայ հասարակությունը մտածում էր՝ Ռուսաստանը վտանգի դեպքում միշտ կլինի Հայաստանի կողքին, եւ ավելացնում՝ երազելը վնասակար չէ: Արժե հիշել նաեւ, որ ապրիլյանի ավարտից հետո Սերժ Սարգսյանը մեկնեց Գերմանիա եւ «Դոյչե Վելե» լրատվականին տված հարցազրույցում ասաց, թե Հայաստանը չունի այնպիսի նշանակություն Ռուսաստանի համար, ինչպիսին Ադրբեջանը Թուրքիայի:

Մեկ այլ դժգոհության առիթ էր CEPA-ն (ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր). Սերժ Սարգսյանը փորձում էր այդպես հավասարակշռել երկու բեւեռների հետ հարաբերությունները, ինչը, սակայն, չէր գոհացնում Ռուսաստանին:

Այսպիսով՝ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առաջացել էին բազմաթիվ տարաձայնություններ, որոնք հասել էին նույնիսկ ռուսերենին պետական կարգավիճակ տալու հարցին, ինչը չեղավ: «Սասնա ծռերի» ապստամբությունից հետո էլ պատահական չէր իշխանության մեջ Կարեն Կարապետյանի թեւի ամրապնդումը, որն առանցքային դեր ունեցավ 2018-ի իրադարձություններում։ Շատերն են հիշում, թե ինչպիսի մասնակցություն ունեին ռուսական հիմնարկների աշխատակիցները «հեղափոխական» գործընթացներում: Ոչ պատահականորեն 44-օրյայից հետո Սերժ Սարգսյանը պնդեց, որ իշխանափոխությանը նպաստել են նաեւ հյուսիսից: Սակայն չպետք է ենթադրել, թե Սերժ Սարգսյանի տարիներից արդեն ամեն ինչ կանխորոշված էր։ Պարզապես Փաշինյանը դասական կերպով իր վրայից մաքրում է ամեն ինչ: Նա ամեն ինչ բարդում է Կրակովի փակուղու վրա՝ մոռանալով 2019-ի փուլայինի մասին:

Եթե այդպես չլիներ, նա իշխանության գալուց անմիջապես հետո չէր պնդի, թե Ռուսաստանը թույլ չի տա պատերազմ։ Մի կողմից՝ նա սրում էր ամեն ինչ, մյուս կողմից՝ հող նախապատրաստում Ռուսաստանին դավաճան ներկայացնելու համար:
Սա իրեն աջակցած աշխարհաքաղաքական բեւեռների միջեւ «նավարկելու» արտահայտություն է, եւ նա սլաքները տանում է միայն Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի միջեւ ծագած խնդիրների կողմը։ Սակայն այս հարց ու պատասխանի ժամանակ ուշագրավ մի հայտարարություն էլ արեց Փաշինյանը. «…Հետո, որ մենք անմիջական սահման Արծվաշենի հետ չունենք, ո՞նց ենք մեր սահմանից մինչեւ Արծվաշեն տարածքն անցնելու, համապատասխանաբար Ադրբեջանն էլ իր պարագայում: Այստեղ առաջանում են շատ խնդիրներ: Կարելի է այլ լուծում գտնել, որ այն էքսկլավները, որոնք պարփակված են Հայաստանի տարածքով, սկսում են համարվել դե յուրե ՀՀ տարածք, այն տարածքները, որոնք պարփակված են Ադրբեջանի տարածքով, սկսում են համարվել Ադրբեջանի տարածք: Բայց այս ամենն արդեն կոնկրետ պայմանագրի թեմա է, որը պետք է նաեւ ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացվի»:

Միանշանակ լավ լուծում է, սակայն Փաշինյանը դեռ պետք է կարողանա դա համաձայնեցնել, իրականացնել: Վերջերս էլ ԱԳ փոխնախարարը պնդեց, թե չկա ադրբեջանցիների վերադարձի հարց: Հուսանք՝ այս ամենը չի գործի այն սկզբունքով, որով միշտ Փաշինյանի ցանկացած «հայամետ» հայտարարության հետեւում երեւում են նոր կորուստները:Չէ՞ որ նա պնդում է, թե 2018-ի «հեղափոխության» շնորհիվ է, որ Հայաստանը դեռ «անկախ» եւ «ինքնիշխան» է, փաստորեն «ինքնիշխան» Հայաստանը պետք է լինի միայն «հեղափոխական»:

Արմեն Մկրտչյան
aliqmedia

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ