ՀՀ պաշտոնաթող նախագահը ցմահ ապահովվում է կահավորված գրասենյակով
_1425384532.jpg)
Ազգային ժողովում այսօր քննարկվում է ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտոնաթող նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ՝ աշխատավարձի 70 տոկոսի չափով, ինչպես նաև սահմանել, որ ՀՀ պաշտոնաթող նախագահը ցմահ ապահովվում է կահավորված գրասենյակով:
Նախագծի հիմնական զեկուցող, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն առաջարկեց ներառել նաև վարչապետերին ու ԱԺ նախագահներին այդ նախագծում: «Ինչո՞ւ չի կարևորվում երկրորդ և երրորդ դեմքերի հարցը, չէ՞ որ պակաս դեմքեր չեն երկրի համար, ինչո՞ւ որոշակի սկզբունքներ չեն գործում»,-հետաքրքրվեց պատգամավորը: Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ այս օրենքը, որը գործում է, և որտեղ առաջարկվում է փոփոխություն կատարել, արդեն գործում է. «Եվ մոտեցումը միասնական է եղել, սա հատուկ կենսաթոշակ է նախագական ինստիտուտի նկատմամբ»,-ասաց Ասատրյանը:
Հեղինե Բիշարյանը նկատեց, որ այնքան էլ հստակ չէ, թե ով է լինելու երկրի առաջին դեմքը սահմանադրական փոփոխությունների դեպքում: Արտեմ Ասատրյանն էլ հակադարձեց, որ որևէ մեկի դերը նսեմացնելու ցանկություն չկա, բայց օրենք է, որը կոչվում է է ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին: Միջամտեց նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նկատելով, որ համաձայն ՀՀ սահմանադրության՝ ՀՀ նախագահի պաշտոնում մեկ անձը չի կարող առաջադրվել երկու անգամից ավելի, իսկ ԱԺ նախագահ կարող է ընտրվել և վարչապետ նշանակվել առանց սահմանափկման: