23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պահանջվում է ապագա՝ Նիկոլն ընդդեմ Սերժ Տեր-Քոչարյանի

POSTNIKOL. Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 11-րդ)

Հայաստանի քաղաքական օրակարգում Արցախի անկումից հետո ևս ակտիվորեն պահպանվում է դիսկուրսը, թե ով էր մեղավոր այս փուլում Արցախյան հիմնախնդրի՝ նման կատաստրոֆիկ տապալման մեջ: Այս հարցով «ներկաներ-նախկիններ» հակադրությունն ավելի բարդ կառուցվածք ունի, քանզի Արցախյան հիմնահարցով զբաղվող «նախկինների» հավաքականության մեջ հստակ տարանջատվում են 3 նախկին նախագահների և իրենց քաղաքական թիմերի առանձին ակտիվությունն ու կոնտենտը:

«3 նախագահներ և Նիկոլը»՝ այս սուպեր-մարտերի նշանակությունն իրականում շատ կիրառական է, և պոտենցիալ հաղթողի համար լուծում է առնվազն երկու խնդիր. ներկա պատասխանատվության և պատմական արդարության:

Ծավալված «հիշողության պատերազմների» մեջ բոլոր 4 կողմերի խոսույթը ձևավորված է և տարբեր վարիացիաներով հայտնվում է հասարակաքաղաքական լրահոսի մեջ:

1. Փաշինյանի խոսույթը բաղկացած է շատ պրիմիտիվ բանաձևից. «Սաղ նախկիններն են մեղավոր», որը մատուցվում է փաստերի հրեշավոր ձևախեղումներով, բացահայտ կեղծիքներով, բազում ինքնահակասումներով և տոտալ անբարոյականությամբ: Իր առջև դրված խնդիրը լուծելու համար նա և իր թիմը պարբերաբար դիմում են անգամ տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից մշակված հակահայկական զինանոցին, օրինակ, ՄԱԿ-ի ԱԽ հայտնի բանաձևերի աղավաղումները: Ավելին, Փաշինյանը դիմում է նույնիսկ այնպիսի մանիպուլյացիաների, որոնք չեն օգտագործվել անգամ Ալիևների կողմից, օրինակ, ԱլմաԱթայի հռչակագիրն Արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմքում դնելը:

2. Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմը ողջ ջանքերը կենտրոնացրել է «Լևոնը զգուշացնում էր, և եթե 1997թ.-ին հեղաշրջում չլիներ, այսպես չէր լինի» թեզի վրա: Այս թիմը միաժամանակ փորձում է դիստանցավորվել Նիկոլից, որպես «Լևոնի հոգեզավակից»՝ ջանքեր գործադրելով «Արցախը չէր լինի ադրբեջանական» թեզի ներքո լղոզելու այդ տարիների բանակցային գործընթացի սուր անկյունները:

3. Ռոբերտ Քոչարյանի և իր քաղաքական թիմի խոսույթը նույնպես բյուրեղացած է. «Բեկել ենք բանակցությունների ընթացքը, 10 տարի բոլոր առաջարկվող տարբերակներում պահել ենք մեր դիրքերը, 2007թ.-ի Մադրիդյան սկզբունքներով ամրագրել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: Քանի որ 1998-2008թթ. բանակցային սյուժեները և վիրաժները բազմազան էին, Երկրորդ նախագահի թիմի արցախյան խոսույթը բաժանվում է մի քանի խաղատախտակների վրա:

4. Սերժ Սարգսյանի և իր քաղաքական թիմի, ներառյալ՝ իմ խոսույթն Արցախի հարցով բանաձևվում է «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» կարգախոսով, որը 2008-2018թթ. կյանքի էր կոչվում Մադրիդյան սկզբունքների հետևողական լրամշակումների և լավարկումների միջոցով, որոնց շնորհիվ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, երաշխավորման և ճանաչման համար ստեղծվում էին միջազգային մեխանիզմներ: Այս տարիների վրա իր հետքն են թողել նաև Ապրիլյան պատերազմը և դրա դիվանագիտական արդյունքները (Վիեննա և Սանկտ Պետերբուրգ):

Վերը նկարագրված դիրքավորումների մեջ Փաշինյանն ակնհայտ տակտիկական առավելություն ունի երկու պատճառով: Նախ, տիրապետելով իշխանական ռեսուրսների, բոլոր մակարդակներում ավելի հեշտ է առաջ մղում իր կեղծ նարատիվները: Եվ, ինչն ավելի կարևոր է, իր խոսույթը, հիմնված լինելով կեղծիքի և ստի վրա, շատ ավելի պրիմիտիվ է, հետևաբար՝ ավելի դյուրամարս և ինտելեկտուալ հիմք ու աշխատանք չպահանջող: Համաձայնեք, շատ ավելի հեշտ է միջին վիճակագրական սպառողին վաճառել պարզունակ «սաղ նախկիններն են մեղավոր» շիլան, քան դիմացինին դրդել գոնե մի քիչ մտածելու: Սակայն, իմ խորին համոզմամբ, անգամ դա չէ Փաշինյանի՝ դեռևս շարունակվող իրականության գաղտնիքը:

Անցյալի համար մղվող ներքաղաքական պայքարը չի կարող սահմանափակվել միայն պատմության մեջ մնալու կամ մեղավոր ճանաչվելու նպատակներով: Հայտնի օրինաչափություն է, որ նա, ով կառավարում է անցյալը, կառավարում է նաև ապագան: Եվ ահա այստեղ է սեպտեմբերի 19-ից հետո առ այսօր ստեղծված իրավիճակում Նիկոլը ստանում առավելություն, քանզի վերջին ժամանակներում նա միակն է, ով շարունակում է համառորեն հրամցնել իր պատկերացրած «ապագայի» մոդելը, որը հիմնված է վերջնական կապիտուլյացիայի և կործանարար հակառուսականության վրա:

Ակնհայտ է, որ այդ երկու սկզբունքների վրա կառուցվող ապագան լինելու է նույնքան արյունալի և ողբերգական, որքան նիկոլական Հայաստանի անցյալն է և ներկան: Ուստի հիշողության պատերազմներում պետք է հաղթել ոչ միայն իրական անցյալն ամրագրելու, այլև արժանապատիվ և կենսունակ ապագա բանաձևելու համար:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
02.11.2023թ.

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ