22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կառավարությունն անելու ճիշտ հակառակը, ինչ խոստացել կամ «ծրագրել» է․ «Փաստ»

«Կա՛ այդպիսի փաստաթուղթ: Ոչ գաղտնի: Հաստատված, ինչպես ասվում է՝ կնքված, ստորագրված: Գործո՛ղ: Բայց այդ վերջին նշման վերաբերյալ որոշակի վերապահում պետք է անել: Փաստաթուղթն ավելի ճիշտ է ասել՝ ուժի մեջ է, բայց այն անվանել «գործող», կնշանակեր՝ լինել կույր կամ «Հ1»-ի երևակայական երկրի վերացական բնակիչ: Փաստաթուղթն այդ կոչվում է… «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-26 թթ. ծրագիր»: Այն հաստատվել է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ: Շատ, չենք վախենա ասել՝ չափազանց հետաքրքրական փաստաթուղթ է:

Իսկ հետաքրքրական է այդ փաստաթուղթը նրանով, որ չնայած ՀՀ կառավարության գործունեության ծրագիրն է՝ 2021-26 թվականների համար, ու չնայած նշված 5-ից դեռ միայն կեսն է անցել, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ ծրագիրը չի համապատասխանում փաստացի իրականությանը: Ներողություն, իրականությունը բացարձակ չի համապատասխանում այդ ծրագրին: Կրկնում ենք, սա «նախընտրական խոստում» չէ, սա Փաշինյանի հոդվածների ծաղկաքաղ չէ, անգամ «Երկրի հակառակ կողմը» գրվածքի սեղմագիր չէ: Սա օրենքի ուժ ունեցող, չեղյալ չհայտարարված ԾՐԱԳԻ՛Ր է: Այնտեղ մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ կարելի է գտնել ձևակերպումներ, ամրագրված ու նախատեսվող քայլեր, որոնք պիտի արվեին, նպատակներ, որոնց պիտի հասնեին, խնդիրներ, որոնք պիտի լուծեին, բայց որոնք հիմնականում չեն կատարվել ու, ամենակարևորը, չեն էլ կատարվի:

Չեն կատարվի, որովհետև Փաշինյանի կառավարության ծրագրում գրված է մի բան, իսկ Փաշինյանի կառավարությունը, առնվազն մի շարք կետերով, արել է իր ծրագրին տրամագծորեն հակառակ, ուղղակիորեն հակասող բաներ: Ու թեպետ օրինակները շատ են, բայց թեթևակի դիտարկենք ընդամենը մի քանի կետ: Օրինակ՝ վերցնենք հայ-ռուսական հարաբերությունները: Նախ՝ Փաշինյանի կառավարության ծրագրի դրույթից մեջբերում անենք. «Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր ուղղություններով, ներառյալ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, մշակութային ոլորտները, Հայաստանը շարունակելու է ամրապնդել և ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը։

Քայլեր են ձեռնարկվելու բարձրագույն մակարդակում հայ-ռուսական քաղաքական երկխոսությունն է՛լ ավելի ակտիվացնելու, Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և բազմակողմ այլ ձևաչափերում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ»: Իսկ այժմ թեթևակի «մեջբերում» անենք փաստացի իրականությունից: Փաշինյանի իշխանությունը հայ-ռուսական հարաբերությունները հետևողականորեն վատացրել է, այսօրվա դրությամբ հասցրել է այնպիսի վիճակի, որը բնորոշելու համար փորձագետները գործածում են «դիվանագիտական պատերազմ» արտահայտությունը: Հա, հայռուսական քաղաքական երկխոսությունը իսկապես էլ շատ «ակտիվ» է: Բայց այդ երկխոսության «ակտիվում» գերազանցապես մեղադրանքներ են, փոխադարձ վիրավորանքներ, խայթոցներ:

Ու դա գերազանցապես Փաշինյանի ու նրա կառավարության «ձեռքբերումն» է: Այն էլ նշենք, որ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները հետևողականորեն խուսափում են ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին մասնակցելուց կամ մասնակցում են ոչ այն կարգավիճակի պաշտոնյաներով ու դա անում են ցուցադրաբար: Մեկ այլ ձևակերպում: Կառավարության ծրագրում նշված է. «Ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին»:

Արտաքուստ կարող է թվալ, թե այստեղ առանձնապես խնդիր չկա՝ ապաշրջափակումը արտաքին-քաղաքական առաջնահերթություն է: Սակայն փաստն այն է, որ այդ հռչակված առաջնահերթությունը իրացվում է կամ ինչպես փաստաթղթում է ասվում՝ տեղի է ունենում ուղղակիորեն Հայաստանի և Արցախի կենսական շահերի հաշվին: Այսինքն, էլի՝ իրականությունը տրամագծորեն հակասում է Փաշինյանի կառավարության ծրագրում ընդգծված մոտեցմանը: Ամենից ցավոտ կետը: Կառավարության 2021-26 թթ. ծրագրում այն 1.2 ենթակետն է ու վերնագրված է՝ «Ղարաբաղյան հիմնախնդիր»: Ծրագրային մոտեցումների և իրականության հակասություններն այնքան ճչացող են, որ նույնիսկ հատուկ մեկնաբանելու կարիք չի զգացվում: Այսպես, ըստ Փաշինյանի կառավարության ծրագրի. «Առաջիկա տարիներին կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։

Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»: Բայց մի քիչ մեկնաբանենք: Բացի այն, որ Փաշինյանի կառավարությունը ոչինչ չի արել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակը պահելու համար, այդ կառավարության ղեկավարը ժողովրդի թիկունքում, միանձնյա բանակցություններ է վարել նույն Ալիևի հետ, ասենք՝ Շառլ Միշելի միջնորդությամբ, կամ Մակրոնի: Պայմանավորվել է բաներ, որոնք հակասել են Պուտինի հետ պայմանավորված հանգամանքներին: Եթե ավելի հետ գնանք, ապա բանակցային գործընթացը զրոյից, «սեփական կետից» սկսելու հայտարարությամբ արդեն որ ևս էր արվում Մինսկի խումբը:

Բայց դա դեռ մի կողմ՝ այդ ամենով այս իշխանությունները հակասել են հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի կենսական շահերին: Սա՛ է հարցը: Շարունակենք: Փաշինյանի կառավարության ծրագրում սևով սպիտակի վրա գրված է. «Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար: …Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»: Ստո՛պ: Տեսեք, թե ինչպես է հնչում այսօր «Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար» ձևակերպումը: Ապահովեցի՞ն, ստեղծեցի՞ն…

Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը, ոտնատակ գցելով իրենց իսկ գրած, իրենց իսկ ընդունած ծրագիրը, թքելով իրնց իսկ ստորագրության վրա, հրաժարվել են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելու հանձնառությունից: Հրաժարվե՛լ են: Ոչ միայն ուրացել են Արցախը, այլև բացեիբաց հայտարարել են, որ այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չեն, թշնամուն պարզորոշ հասկացրել են, որ եթե հարձակվի Արցախի վրա, ապա Հայաստանի կառավարությունը ոչ մի կերպ, ոչ մի բանով չի միջամտելու, չի խառնվելու, Արցախի ժողովրդին ոչնչով չի պաշտպանելու: Ասում եք դա ո՞նց է կոչվում: Այո, հենց այդպես էլ կոչվում է: Ի դեպ, ժողովրդավարության մասին, որից ինչ-որ շատ է խոսում Հայաստանը ոստիկանապետության վերածած Նիկոլ Փաշինյանը: Ժողովրդավարությունը նշանակում է նաև իշխանությունների հաշվետվողականություն, պատասխանատվություն: Եվ որևէ, նույնիսկ «միջին» ժողովրդավարությամբ երկրում, որևէ կառավարություն եթե այսքան բացահայտ ու ցինիկորեն, այսքան կոպիտ խախտեր իր իսկ գործունեության ծրագիրը, ապա այդ կառավարությունը ամբողջ կազմով առնվազն հեռացած կլիներ իշխանությունից, կամ՝ հեռացված. էլ չենք ասում՝ մնացյալ իրավաքրեական հետևանքների մասին: Էլ չնք խոսում այն ամբողջ ավերումների մասին, որ բերել է Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը:

Այնպես որ, եթե նույնիսկ «ժողովրդավարություն» բառը Փաշինյանի կառավարության ներկայացուցիչների լեզվին է գալիս, նման դեպքերում նրանք ավելի լավ կանեն ծանոթանան իրական ժողովրդավարությանը: Կործանարարները, մահ ու ավեր բերողները ժողովրդավարությունից, ժողովրդից խոսելու տեղ չունեն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ