22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այլասիրությո՞ւն, օտարամոլությո՞ւն, հարմարվողականությո՞ւն, թե՞ ազգային բարդույթ

Մի քանի օր առաջ, ընկերներով երեկոյան զրուցում էինք։ Բնականաբար, զրույցի թեման, Արցախի ողբերգությունն էր, ինչպես նաև՝ Հայաստանի անորոշ ապագան։

Խոսք գնաց Արցախում, ռուս խաղաղապահների պահվածքի մասին, որով բոլորը տարակուսած էին և խստորեն մեղադրում էին ռուսներին։ Առանց պաշտպանության տակ վերցնելու ռուս խաղաղապահներին, ընկերներիս փորձեցի բացատրել, որ անկախ մանդատից, որևէ հակամարտության ժամանակ, խաղաղապահները արդյունավետ չեն գործել։ Դեպքերը բազմաթիվ են, սկսած Ռուանդայից։

Ինչ վերաբերում է Արցախին, ապա մինչ 2020 թվականը Արցախի անվտանգության երաշխավորը ոչ թե ինչ-որ անհասկանալի խաղաղապահներ էին, այլ Հայաստանը։ 2018թ․ Հայաստանում իշխանության եկան օտար երկրների կողմից հավաքագրված գործակալներ և հետևողականորեն կատարեցին Արցախն Ադրբեջանին հանձնելու, իրենց տերերի հանձնարարականը։ Այդ քաղաքականության բարձրակետը հանդիսացավ 2020թ․պայմանավորված պատերազմը։ Պատերազմ հրահրելու նպատակը, այն է՝ Արցախի հայաթափումն ու Ադրբեջանին հանձնման ծրագիրը մինչև վերջ չիրականացավ։ Պատերազմը կանգնեցրեց Ռուսաստանը` բնականաբար ելնելով ոչ թե հայ ժողովրդի, այլ իր ազգային շահերից, հակամարտության գոտի բերելով խաղաղապահ ուժեր։

Հայաստանի վարչապետ կոչեցյալն այդքանով չհանգստացավ, ավելի ճիշտ՝ նրա տերերը չբավարարվեցին և շարունակեցին դրդել իրենց խամաճիկ-փողասեր վարչապետ կոչեցյալին` վերջնականապես հայաթափել և հրաժարվել Արցախից։ Եվ վարչապետ կոչեցյալը, շարունակեց կատարել հանձնարարականները, համոզված եմ՝ ամեն քայլ համաձայնեցնելով Ադրբեջանի իր «բարեկիրթ» գործընկերոջ հետ։ Համաձայնեցված էին և Աղավնոյի, Բերձորի, Սուսի հայաթափումները, և 2022թ․ սեպտեմբերյան հարձակումը, և Պրահայում Արցախի ուրացումը և այս տարվա սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումն ու Արցախի հայաթափումը։

Վերը ներկայացվածն ապացուցելու համար կարող եմ բերել բազմաթիվ փաստեր, ինչպես վարչապետ կոչեցյալի խոսքերից և գործերից, այնպես էլ թվացյալ անգործությունից։

Առանց արդարացնելու ռուս խաղաղապահների անգործությունը, այն է՝ Ռուսաստանի քաղաքականությունը, նշենք, որ Ադրբեջանն օգտվեց ռուս-ուկրաինական պատերազմից` նաև համագործակցելով Հայաստանի վարչապետ կոչեցյալի հետ, հասավ իր նպատակին։

Այս ամենի հետ հիմնականում համաձայնելով, այնուամենայնիվ, ընկերներիցս մեկը, ռուսներին մեղադրելու մեկ այլ փաստարկ բերեց։

Ըստ նրա, ռուսները պարտավոր էին պաշտպանել հայերին, քանի որ հայ ժողովուրդը, հատկապես՝ արցախցիները, աշխարհում ռուսներին ամենանվիրված ժողովուրդն է։ Եվ եթե ռուսները ցանկանում են մնալ մեր տարածաշրջանում, առավել քան պարտավոր էին պաշտպանել իրենց նվիրված և հավատարիմ ժողովրդին։ Իր ասածներին, որպես փաստարկներ, նա բերեց հայերի մեջ մեծ տարածում գտած ռուսական անձնանունները, ԽՍՀՄ տարիներին՝ բնակավայրերի անվանումները, ինչպես նաև ռուսական դպրոցների առատությունը։

Վեճը չավարտվեց և որոշեցի, արդեն հրապարակային անդրադառնալ, և վիճել ընկերոջս, ինչպես նաև նման մտածողների հետ։

Մի պահ ընդունենք, որ հայ ժողովուրդն իսկապես ուղնուծուծով նվիրված է ռուսներին։ Նախ, այս թեզը, եթե նույնիսկ ճիշտ է, ապա այն ոչ միայն խոսում է հայ ժողովրդի, մեղմ ասած, թուլամորթության մասին, այլև՝ հակառակը, ռուսներին ազատում է որևէ պատասխանատվությունից, քանի որ եթե հայ ժողովուրդը ոչ թե իր դաշնակիցն է, այլ իրեն անվերապահորեն նվիրված անհասկանալի զանգված, ապա նա ընդամենը մանրադրամ է այլ պետությունների, ժողովուրդների հետ սակարկման համար։ Ավելին, նման մտածողությամբ ժողովուրդն իրավունք չունի սեփական պետություն ունենալու, այլ պետք է համակերպվի, տվյալ դեպքում, ընդամենը ռուսական գավառ լինելու փաստի հետ։ Եվ, վերջապես, երկրներն իրենց հարաբերություններում առաջնորդվում են տվյալ ժամանակում այդ կոնկրետ պետության իշխանության վարած քաղաքականությամբ։ Եթե Հայաստանի իշխանությունը տանում է ընդգծված հակառուսական քաղաքականություն, այն դեպքում, երբ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է և դրա դեմ չի ընդվզում ժողովուրդը, ապա ի՞նչ… հանուն իրեն ռուսասեր ձևացնող, բայց պաշտոնական՝ հակառուսական քաղաքականություն վարող հայ ժողովրդի համար ռուս զինվորները պետք է կռվեն և զոհվե՞ն։

Անդրադառնանք ընկերոջս բերած այլ փաստարկներին։ Իսկապես, ԽՍՀՄ տարիներին, Հայկական ԽՍՀ-ն տարբերվում էր այլ հանրապետություններից` որպես ամենա-ամենա ռուսապաշտ և սովետապաշտ հանրապետություն։ Այդ մասին ինքս եմ հոդված գրել «Դառը մտքեր» վերնագրով ։

Հարց է առաջանում, արդյո՞ք անկեղծ էին այդ բոլոր ՀԽՍՀ ղեկավարները, որոնք ողջ Հայաստանի բնակավայրերը (Լենինական, Կիրովական, Կալինինո և այլն), նաև Երևանի վարչական շրջանները (Լենինյան, Խորհրդային, 26 կոմիսարների և այլն), փողոցները (Լենինի անվան, Ֆուրմանովի անվան և այլն), հրապարակները (Լենինի անվան, Ազիզբեկովի անվան, Սպանդարյանի անվան և այլն), երկու մեծ կինոթատրոնները (Մոսկվա, Ռոսիա), կոչել էին ռուսա-խորհրդային անուններով։ Կամ, իսկապե՞ս հայ ժողովուրդն այդքան նվիրված էր ռուսա-խորհրդային մշակույթին, որ երեխաներին անվանում էր Վովա, Վանիչկա, Լավրենտի, Ֆելիքս, Ֆրունզիկ, Շչորս, Մելս, Վիլեն, Լենդրոշ, Նինել, Լենստաբերիա և այլ նման անուններով, ինչպես նաև երեխաներին տալիս ռուսական կրթության։

Ասպիրանտական տարիներին զարմանքով իմացա, որ հայտնի գիտնական-երկրաբան, խորհրդային պետրոգրաֆիայի դպրոցի հիմնադիր Վլադիմիր Լոդոչնիկովն ունեցել է հայկական ծագում` Վարդան Նավավարյան անուն-ազգանունով։ Զարմանքով իմացա նաև, որ խորհրդային հայտնի գեոքիմիկոս Նիկոլայ Խիտարովը նույնպես հայկական ծագումով է` Մկրտիչ Մխիթարյան անուն-ազգանունով։ Որքա՞ն են ռուսաստանաբնակ հայերը, որոնք իրենց ազգանվան «յանը», փոխարինել են, ռուսական «ով»-ով։ Ի դեպ, ռուսաստանաբնակ վրացիները բոլորը պահպանել են իրենց ազգանունների վրացական վերջավորությունները։

Կասկածում եմ, թե այս ամենը եղել է ռուսասիրական դրսևորում։

Վերը նշված փաստերը, իմ համոզմամբ, ոչ թե խոսում են հայ ժողովրդի ռուսասիրության, այլ հարմարվողականության մասին։

ԽՍՀՄ փլուզումից հետո մելսերին և լենդրոշներին եկան փոխարինելու ալենները ու սարկոզիները, ունիվերսամներին, ունիվերմագներին և գաստրոնոմներին՝ մարկետներն ու սուպերմարկետները, հրապարակները՝ ֆրանսիական և այլն։ Նայե՛ք, Երևանի սրճարանների, խանութների անվանումներին, ոչ թե հայկական, նաև՝ ոչ ռուսական, այլ միայն, անհասկանալի անգլո-ֆրանկո-իտալա-իսպանական աղավաղված անուններ։ Իսկ մինչ խորհրդային շրջանի տեղանուննե՞րը՝ Դարալագյազ, Դավալու, Ղարաքիլիսա և այլն։ Բա հայկական ազգանուննե՞րը՝ Դեմիրճյան, Ղասաբօղլյան,Ղաֆադարյան, Քեշիշյան և այլն։ Ինչպես նշեցի, եթե ռուսաստանաբնակ հայերը հրաժարվում էին հայկական ազգանունների «յան» վերջավորությունից, ապա նույնն էին անում ԱՄՆ-ում, Եվրոպայում բնակվող հայերը նույնպես՝ Ամարա, Վերնոյ, Ազնավուր և այլն։ Այս երևույթը ոչ միայն, կամ ոչ այնքան այլասիրության դրսևորում է, որքան՝ ազգային անլիարժեքության բարդույթի ախտանիշ։

ԽՍՀՄ փլուզումից հետո ոչ միայն արտաքուստ այս ամենը փոխվեց, այլև առանձին անհատներ, ուղեղային կտրուկ շրջադարձ կատարեցին իրենց ռուսախորհրդամետ «սկզբունքներից»։ Այսպես, մարքսիզմ-լենինիզմ դասավանդող նվիրյալ կոմունիստն այսօր «առաջադեմ», թունդ հակառուս, արևմտապաշտ քաղաքական գործիչ է, Երևանի կումկուսի քաղկոմի հրահանգիչ (պրոպագանդիստ), «Կոմսոմոլեց» թերթի բաժնի վարիչը՝ նվիրյալ արևմտամետ, խոսքի և մամուլի ազատության ջատագով, նույնը՝ «Լենինյան ուղիով» թերթի լրագրողը, ռուսախոս կոմունիստ ֆիզիկոսը՝ հակառուս, թուրքամետ գլոբալիստ գործիչ։ Իսկ գուցե նրանք ընդունում են, որ ժամանակին խաբվել, հավատացել են կոմունիստական գաղափարներին, ապա հասկացել, զղջացել են և փոխվել։ Ցավոք՝ ոչ։

Նրանք բոլորն ընդունում են, որ իրենք այն ժամանակ նույնպես ճիշտ են եղել․ «Եթե կումկուս չընդունվեի, ապա պաշտոնի չէի նշանակվի»։ Իսկ եթե ԽՍՀՄ-ը չփլուզվե՞ր։ Պարզ է, նրանք բոլորը ԽՍՀՄ առաջխաղացման սանդղակով շատ ավելի մեծ բարձունքների կհասնեին՝ ՀՀԿ կենտկոմի բաժնի վարիչ և ավելի բարձր։ Իսկ այսօ՞ր…

Բոլոր նման գործիչներին չթվարկենք, նրանք շատ-շատ են։ Ի դեպ, նրանց գերակշիռ մասն ունի ռուսական կրթություն և նրանք հայերեն լեզվով մտքեր դժվարությամբ են արտաբերում, այսօր էլ ռուսերենի փոխարեն նախընտրում են անգլերենը։

Այնպես որ, մենք՝ հայ ժողովուրդը, ոչ թե եղել է այլասեր, լինելով համոզված ռուսապաշտ, այլ ըստ ժամանակի և անձնական շահի՝ հարմարվողական և օտարամոլ, երեկ՝ ռուսապաշտ, այսօր՝ արևմտապաշտ, վաղը՝ թրքամոլ, այսինքն՝ «փողին մուննաթ»։

Հարց է առաջանում, եթե այսօրվա քպ-ականներն, իրենց վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ, լինեին ԽՍՀՄ 20-30-ականների սերունդ, ինչպե՞ս կինքնադրսևորվեին։

Համոզված պնդում եմ, նրանք կլինեին «նվիրյալ» բոլշևիկներ և ինչպես 1921թ․ հայ բոլշևիկները, նրանք նույնպես հանուն խաղաղության կուրանային Արցախը, մետր առ մետր Ադրբեջանին կնվիրեին հայկական հողերը, որոնք այսօր կոչվում են անկլավներ, կաշառքով կգրանցեին ադրբեջանցիներին՝ նորանոր տարածքներ նրանց նվիրելով։ Իրավապահները՝ ոստիկաններ, քննիչներ, դատախազներ, դատավորներ, ինչպես այսօր, հնազանդորեն կծառայեին բռնապետին՝ բանսարկություններ գրելով, կալանավորելով, խոշտանգելով և գնդակահարելով այլախոհներին։ Այնպես որ, հայ ժողովուրդն իր մեծամասնությամբ և վերնախավով, ոչ թե նվիրված է եղել ռուսներին, այլ առաջնորդվել է միմիայն իր անձնական շահերով՝ թքած ունենալով պետական, ազգային շահի, նաև մարդասիրության, արժանապատվության վրա։

Չկարծեք, թե ես հակադրում եմ հարմարվողականությունը այլ ժողովրդին նվիրվածությանը՝ առավելություն տալով վերջինին։

Բացարձակապես՝ ոչ։ Երկուսն էլ կործանարար են։ Եվ ճակատագրի հեգնանքով մեր հարմարվողականությունը, ըստ ժամանակի, ընդունում է որևէ այլ ժողովրդին նվիրվածության հատկանիշներ, երեկ՝ ռուսներին, այսօր արևմուտքին, վաղը՝ թուրքերին։ Մի պահ պատկերացրեք, օրինակ, 19-րդ դարը, և ուշադրություն դարձրեք հայկական պատմական տարածքների անվանումների, հայ ժողովրդի անունների և ազգանունների վրա։ Օտարի համար տպավորություն կստեղծվեր, որ հայ ժողովուրդը նվիրված է թուրքերին։ Նույնը 20-րդ դարում՝ ռուսներին, 21-րդ դարում՝ արևմուտքին։ Սրանով է պայմանավորված, որ որևէ այլ պետության կողմից չկա մեր ժողովրդի հանդեպ հարգանք, քանի որ նրանք նույնպես մեզ ընդունում են որպես այլասերներ, նվիրված ոչ թե մեր հայրենիքին, այլ ՝ ուրիշ ժողովրդի, զուրկ ազգային արժանապատվությունից։ Մենք, պետական մտածողություն չունեցող ժողովուրդ ենք և ոչ թե մտածում ենք պետության ամրապնդման, ըստ այդմ` դաշնակիցներ ունենալու մասին, այլ միայն ցանկացած եղանակով իրավիճակին հարմարվելու, ոչ թե դաշնակիցներ ունենալու, այլ հանուն փողի, մեր կարճ խելքով, հարուստ հովանավորներ փնտրելու մասին։ Ահա իրականում ո՞րն է մեր՝ հայերիս, թվացյալ ռուսասիրության, ապա արևմտապաշտության իրական պատճառը։

Ավետիք Իշխանյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ