Լևոն Մնացականյանը կապ է հաստատել ընտանիքի հետ. «Հրապարակ»
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ում Ադրբեջանը գերեվարեց եւ ապօրինի կալանքի տակ է պահում, կապ է հաստատել ընտանիքի հետ, ենթադրաբար՝ Կարմիր խաչի միջոցով: Նա կարճ զրույց է ունեցել ընտանիքի անդամներից մեկի հետ, փոխանցել, որ իր հետ ամեն ինչ նորմալ է` չանհանգստանան, ու զրույցն ավարտվել է։ Ընտանիքին մոտ աղբյուրը պատմեց նաեւ, որ հայաստանյան Կարմիր խաչը Մնացականյանի ընտանիքից վերցրել է գեներալի դեղերը, որոնք նա սիստեմատիկաբար ընդունում էր սրտի վիրահատությունից հետո, որ փոխանցի նրան: Փոխանցվել է, թե ոչ` հարազատներին հայտնի չէ։
Հիշեցնենք, որ Մնացականյանի գերեվարման լուրը տարածվեց սեպտեմբերի 29-ին, երբ նա փորձել էր Հակարիի անցակետով անցնել Հայաստան։ Մեկ շաբաթ առաջ Բաքուն կադրեր հրապարակեց Արցախի նախկին նախագահների ու մյուս ղեկավարների ձերբակալման մասին, սակայն Մնացականյանի ձերբակալման կադրերն այդպես էլ չեն հրապարակվում, հայտնի չէ նրա գտնվելու վայրը։
Երեկ Գեղամ Մանուկյանն էլ է հայտնել, որ եղբայրը՝ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, նույնպես կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ` կարճ հեռախոսազրույց է ունեցել»: